Հայաստան

«Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամը և ԱՏՁՄ-ն կհամագործակցեն կրթության ոլորտում՝ խթանելու համար WCIT2024/DigiTec ոլորտային բազմազանությունը

5 րոպեի ընթերցում

«Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամը և ԱՏՁՄ-ն կհամագործակցեն կրթության ոլորտում՝ խթանելու համար WCIT2024/DigiTec ոլորտային բազմազանությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել (MoU) «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի (ASOF) հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի` WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կրթության և վերապատրաստման ոլորտներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագրի շրջանակներում նախատեսվում է մի շարք առանցքային ուղղություններով փոխգործակցություն, այդ թվում՝ աջակցություն ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների խթանմանը, կրթական ծրագրերի և վերապատրաստումների կազմակերպմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև փորձագիտական աջակցություն՝ կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում նորարարական լուծումներ ստեղծելու և կիրառելու նպատակով։ Այս համագործակցությունը կարևոր դեր է խաղալու Հայաստանի կրթական և տեխնոլոգիական համակարգերի շարունակական զարգացման գործում՝ նպաստելով գիտելիքի և փորձի փոխանակմանը՝ ի նպաստ ընդհանուր առաջընթացի։

ԱՏՁՄ  գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը ստորագրել են հուշագիրը և հայտարարել պատրաստակամության մասին՝ համատեղ ջանքերով խթանելու WCIT2024/DigiTec-ի ոլորտային բազմազանությունը։

«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար՝ ներկայացնելու Հայաստանի եւ սփյուռքի գիտական ներուժը՝ խթանելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը: Մեր համատեղ փորձն ու ռեսուրսներն ի գործ դնելով՝ WCIT2024/DigiTec-ը կդարձնենք համաշխարհային նորարարությունների կիզակետ՝ հատուկ շեշտադրելով կրթության, վերապատրաստման, գիտության ու տեխնոլոգիական ոլորտները: Այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական արդյունաբերության քարտեզի վրա ամրապնդելու համար, և վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերը կտան բացառիկ արդյունքներ»,-ասել է «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը։ 

Միավորելով ռեսուրսները՝ համագործակցությունը նպատակ ունի WCIT2024/DigiTec-ը դարձնելու առավել նշանակալի իրադարձություն և ևս մեկ անգամ մատնանշելու Հայաստանի դերը որպես տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ։

«Հպարտ եմ հայտարարել այս համագործակցության պաշտոնական մեկնարկի մասին, որը նշանակալի ձեռքբերում է WCIT2024/DigiTec-ի համար: ԱՏՁՄ-ում մենք միշտ կարևորել ենք հայաստանյան առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը՝ միավորված և համատեղված ջանքերով գերազանցության հասնելու համար: Այս համագործակցությունը «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի հետ ոչ միայն ռազմավարական դաշինք է, այլև էական բաղադրիչ է՝ WCIT2024/DigiTec-ն ամենաբարձր մակարդակի հասցնելու մեր առաքելության գործում»,-ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն, Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ի անցկացման չորս օրերին  Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,
  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար, 
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգն ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում