Հայաստան

Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները

2 րոպեի ընթերցում

Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նիստը կազմակերպվել էր ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների վերաբերյալ Կառավարությանն ամփոփ տվյալների տրամադրումն ապահովելու և շարժական գույքին պատճառված վնասները գնահատող փորձագիտական կազմակերպությունների կատարած փորձաքննության արդյունքում տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի վերաբերյալ եզրակացությունները հաստատելու նպատակով։ Արդեն իսկ առկա են վնաս կրած բոլոր տրանսպորտային միջոցների փորձաքննության եզրակացությունները։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը և անդրադարձել համապատասխան կազմակերպությունների կողմից իրականացված տրանսպորտային միջոցների փորձաքննությունների եզրակացություններին՝ նշելով, որ փորձաքննությունների արդյունքում հաստատվել են պատճառված վնասի և տրամադրվող փոխհատուցման օբյեկտիվ չափեր, որոնք երաշխավորում են տրանսպորտային միջոցի ձեռք բերման կամ դրա վերանորոգման համար համարժեք փոխհատուցման տրամադրումը:

Հանձնաժողովի անդամներն ամփոփել և ձայների մեծամասնությամբ հաստատել են վնասված կամ կորսված շուրջ 200 տրանսպորտային միջոցների տվյալներ։

Փոխհատուցումը տրամադրվելու է միայն ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի համար։ Առաջիկայում հանձնաժողովի նիստում կամփոփվեն և կհաստատվեն նաև իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման տվյալները։

Փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձինք կարող են դիմումներ ներկայացնել օգոստոսի 26-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում