Մշակույթ

«Գութան» փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային-ավանդական մշակույթը. այն տոնում է 10-ամյա հոբելյանը

5 րոպեի ընթերցում

«Գութան» փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային-ավանդական մշակույթը. այն տոնում է 10-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որն իրականացնում է «Մրրո» հայ ազգային  արվեստի կենտրոնը, այս տարի տոնում է հոբելյանական 10-ամյակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնից, փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի երազանքն է եղել, ստեղծել այնպիսի փառատոն, որը կմեկտեղի հայկական ազգային, ավանդական երգի-պարի խմբերը: Եվ ահա, արդեն 10 տարի է նրա երազանքն իրականություն է:

«Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, յուրաքանչյուր տարի շուրջ 20 խումբ. թվով 400 և ավելի մասնակից-արտիստ ելույթ են ունենում «Գութանի» բեմում: Փառատոնի յուրահատկություններից է բացումը, որի ընթացքում բոլոր խմբերը միասին ելույթ են ունենում միասնական երգով. այդ մոգական պահին, երբ մոտ 400 արտիստ բեմում է` իրենց տարազներով, բեմը ստանում է հայկական գորգի պատկեր, հյուսված միասնական ուժով: Այս տարի փառատոնի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս» (Մասիս), «Գորանի», «Արեգ»,  «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր սարերը»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ յուրաքանչյուր տարի «Գութան» փառատոնը համալրվում է նոր մասնակից խմբերով: Այս տարի Գութանի բեմում առաջին անգամ ելույթ է ունենալու «Ծովակ» խումբը:

«Ի՞նչու «Գութան». հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը երկար չի մտածել, քանի որ, նրա խոսքով՝ գութանը արարման գործիք է և անմիջական կապ ունի մեր արարող տեսակի հետ: Եվ պատահական չէ, որ գութաներգերը մեծ տեղ են գրավում մեր ազգային երգարվեստում: Ահա այս ամենից ելնելով փառատոնը ստացավ իր անվանումը` «Գութան»: Ինչպես գութանն է հողը հերկում` բարիք ստեղծելու համար, այնպես էլ փառատոնի նպատակն ու գործունեությունն է` հող պարարտացնել ազգային մշակույթի պահպանման և շարունակման համար:  Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:

Փառատոնն իրականացվում է՝ հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների: Փառատոնի սկզբունքներից է նաև օգտագործել բացառապես ազգային նվագարաններ` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն: «Գութան»-ի նպատակն է նպաստել, ներդրում ունենալ հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում:

«Գութան» փառատոնի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ տեսաֆիլմեր` հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող: Սա ևս փառատոնի որդեգրած սկզբունքներից է` արժևորելով նրանց գործունեությունն ու մեզ փոխանցված ավանդը»,- հայտնում են փառատոնից՝ հավելելով, որ «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում: Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Փառատոնի բացօթյա և անվճար լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկնդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը:  Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում