Հայաստան

Փորձում են գտնել «անհետ կորած», բայց իրականում համակենտրոնացման ճամբարում թաղված 12 հայերի հարազատներին

7 րոպեի ընթերցում

Փորձում են գտնել «անհետ կորած», բայց իրականում համակենտրոնացման ճամբարում թաղված 12 հայերի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գաղտնիք չէ, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին խորհրդային բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ գերեվարվել են և հայտնվել ամբողջ Եվրոպայի տարածքում ցրված ու նացիստական Գերմանիայի պարագլուխների կողմից ղեկավարվող համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարաբախտ մարդկանց հայրենիքում սովորաբար ներկայացնում էին որպես «անհետ կորած»։ 2012 թվականից մասնավորապես Ավստրիայում բացվել են արխիվներն, ու հիմա հանրությանն են ներկայացվում երբեմնի համակենտրոնացման ճամբարներում թաղված ռազմագերիների ցուցակները։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց մոսկվաբնակ մեր հայրենակից, «Զարգացման ռազմավարություն և ազգային անվտանգություն» ամսագրի փոխխմբագիր Ռոբերտ Ավջյանը, ով 2012 թվականից զբաղվում է Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած և համակենտրոնացման ճամբարներում հայտնված հայաստանաբնակ հայերի ճակատագրով։ Որոնողական և կազմակերպչական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով նա «Եվրասիա» հիմնադրամից շահել է գրանտ՝ ներկայացնելով «Տուրք հիշատակի» նախագիծը և նպատակ ունի հանրայնացնել խնդիրը, որպեսզի այսպես կոչված «անհետ կորածներին» կարողանան գտնել նրանց հարազատներն ու բարեկամները։ 

«Կոնկրետ Ավստրիայի Մաուտխաուզեն քաղաքում Երկրորդ աշխարհամարտի տարիներին գործում էր հսկայական համակենտրոնացման ճամբար, որն ամբողջ երկրի տարածքում ուներ 49 մասնաճյուղ։ Դրանցից մեկը գտնվում է Էբենզեե քաղաքում։ Մաուտխաուզենում կենտրոնացած ռազմագերիների ընդհանուր թիվը կազմում էր 85 հազար, որոնցից 30 հազարը Խորհրդային Միության քաղաքացիներ էին, իսկ Էբենզեեում գտնվում էին 2000 խորհրդային ռազմագերիներ, որոնց թվում կային 12 հայաստանցիներ։ Այժմ այդ ճամբարը, որը նախկինում կոչվում էր «Ցեմենտ», վերածվել է ժամանակակից պատմության թանգարանի, որի տնօրենն է դոկտոր Վոլֆգանգ Գուատեմբերը, ով շահագրգռված է, որպեսզի բացվեն բոլոր արխիվները և հանրայնացվեն երբեմնի ռազմագերիների տվյալները, քանի որ պահպանվել են նրանց անվանական քարտերն ու հաշվառման համարները»,- նշեց Ավջյանը։  

Վերոհիշյալ պարբերականին ուղղված նամակում դոկտոր Գուատեմբերը նշել է, որ իրենց թանգարանը զբաղվում է պատմական նյութերի հավաքագրմամբ և վերլուծությամբ, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմին։

«Դիմում ենք Ձեզ՝ պարբերականի էջերում զետեղելու գերմանական գերության մեջ հայտնված անձանց ցուցակները, որպեսզի նրանց հարազատները ծանոթանան և տեղեկություններ ստանան նրանց հուղարկավորության վայրի մասին»,- նշված է նամակում։ 

Ավջյանը տեղեկացրեց, որ ավստրիական համակենտրոնացման ճամբարի մասին տեղեկացել է մորից։ Վերջինիս համագյուղացի Մելանիա Մայիլյան-Լայնշտայները բնակվում է հենց Էբենզեեում, կրում է ամուսնու ազգանունը և ամեն տարի մասնակցում է թանգարանի վերածված ճամբարում կազմակերպվող ամենամյա հիշատակի արարողություններին։ Ներկայանում է Ռուսաստանի, Հայաստանի ու Բելառուսի դրոշներով։ Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ մարդիկ ամեն տարի հավաքվում են Էբենզեեում և նշում պատերազմի նահատակների հիշատակը։ 

«Լսելով այդ պատմությունը՝ որոշեցի 2012 թվականին անձամբ մեկնել Ավստրիա։ Այնտեղ հանդիպեցի դոկտոր Գուատեմբերի հետ, ծանոթացա նախկին ռազմագերիներից մեկի հետ, ով այդտեղ հայտնվել էր 14 տարեկանում պատերազմի ժամանակ աշխարհազորայիններին օգնելու համար։ Հանդիպեցի նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ։ Մեր դիվանագետները նույնպես պարբերաբար մասնակցում են Մաուտխաուզենում անցկացվող հիշատակի միջոցառումներին։ Այժմ իմ ձեռքի տակ կան մեծածավալ ցուցակներ։ Տարիներ շարունակ համախոհներիս հետ զբաղվում եմ ցուցակների ճշգրտմամբ և հատկապես հայ ռազմագերիներին վերաբերող տվյալներով։ Անմիջական կապի մեջ եմ դոկտոր Գուատեմբերի հետ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ 

Ավջյանը դատարկաձեռն չէր եկել և մեզ ներկայացրեց 12 հայերի ցուցակը, ովքեր ժամանակին համարվել են «անհետ կորած», բայց իրականում թաղված են Էբենզեեի համակենտրոնացման ճամբարի տարածքում։ Ահա և այդ ցուցակը՝ 

1․Վիրաբյան Համբարձում (հաշվառման համարը՝ 83507, ծննդյան թիվը չի պահպանվել, մահվան թիվը՝ 28․04․1945)։ 

2․Շարաջյան Նիկոլայ (հաշվառման համարը՝ 113604, 10․04․1902-30․05․1945)

3․Աբելյան Սադուր (հաշվառման համարը՝ 50937, 10․07․1908-25․04․1945)

4․Տերտերյան Վարդգես (հաշվառման համարը՝ 38151, 17․12․1917-18․12․1944)

5․Նիկոտչյան Պետրոս (հաշվառման համարը՝ 108345, 05․01․1910-19․01․1945)

6․Հայկազյան Վարդան (հաշվառման համարը՝ 50743, 15․09․1918-06․04․1945)

7․Ղազարյան Սաթիկ (հաշվառման համարը՝ 100586, 03․11․1908-24․04․1945)

8․Վարդումյան Չայրո (հաշվառման համարը՝ 51178, 01․05․1906-05․03․1945)

9․Համբարձումյան Սահակ (հաշվառման համարը՝ 50943, 05․06․1909-22․04․1945)

10․Ավետիսյան Մակար (հաշվառման համարը՝ 113579, ծննդյան թիվը չի պահպանվել, մահվան թիվը՝ 01․06․1945)

11․Գալստյան Նշան (հաշվառման համարը՝ 41170, 09․04․1900-20․04․1944) 

12․Հովսեփյան Մուշեղ (հաշվառման համարը՝ 51089, 26․10․1908-07․05․1945)։ 

Հավելյալ պարզաբանումների ու տեղեկությունների համար նշված անձանց հարազատները կարող են անհրաժեշտության դեպքում անձամբ դիմել Ռոբերտ Ավջյանին հետևյալ մոսկովյան հեռախոսահամարով՝ +7977 439 43 74, կամ այցելել Ռուսաստանի մայրաքաղաք հետևյալ հասցեով՝ Մոսկվա, Խավսկայա փողոց, տուն 18/2, կամ նամակագրություն հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ avrobert@yandex.ru

«Ես անչափ կարևորում եմ այս աշխատանքը, որը բավականին տարողունակ ու ժամանակատար է։ Հընթացս կլինեն ճշգրտումներ, հավելումներ, որովհետև ուսումնասիրությունները չեն ընդհատվում։ Շատ կարևոր է նաև, որ աշխատանքը հանրայնացվի, մարդկանց ցուցակները հրապարակվեն։ Դա մեր ընդհանուր պատմությունն է, մեր ժողովրդի մեծագույն հաղթանակը։ Ամեն անգամ մեծ հպարտությամբ ենք համացանցում դիտում այն կադրերը, թե ինչպես են հայկական Թամանյան դիվիզիայի զինվորները հաղթական Քոչարի պարում Ռայխստագի դիմաց։ Խորհրդային Միությունը փլուզվել է, բայց հետխորհրդային երկրները պահպանել են սերտ կապերը, որոնք անցել են ժամանակի քննությունը»,- ասաց Ավջյանը։

Մանվել Մարգարյան 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում