Մշակույթ

Ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, հյուրեր, ներառական ճամբար. մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնը

3 րոպեի ընթերցում

Ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, հյուրեր, ներառական ճամբար. մեկնարկել է «Ֆրեսկո» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը մինչև օգոստոսի 27 -ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է օգոստոսի  21-ին Վանաձորում, տեղի են ունեցել վարպետության դասեր, ֆիլմերի դիտում- քննարկումներ։

«Ինչպես յուրաքանչյուր տարի` այս տարի ևս մտածել և իրականացրել ենք այնպիսի ծրագրեր որոնք կակտիվացնեն մարզային մշակութային կյանքը։ Ծրագրերը հասանելի կլինեն նաեւ երևանյան բնակչությանը»,- նշել է փառատոնի  գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։

Լինելով ներառական փառատոն՝ Ֆրեսկոն այս տարի հյուրընկալել է «Հաշմանդամների Համառուսաստանյան և միացյալ կազմակերպությունների միություն ABIART» հասարակական ասոցիացիայի նախագահ Նատալյա Կրելին, ում հետ հետաքրքրված մասնագետները  հնարավարություն կունենան մասնակցելու վարպետության դասերի,  դիտել ֆիլմեր և ունենալ քննարկումներ։ Նատալյա Կրելը փառատոնի միակ հյուրը չէ, միջոցառման ընթացքում Հայաստան կժամանեն նաեւ Իտալիայի Տեռնիի կինոփառատոնի  գլխավոր տնօրեն Առնալդո Կազալին և գլխավոր պատասխանատու Բեատա Գոլենսկան։

Խոսելով 2024 թվականի փառատոնային ծրագրի մասին՝ Աննա Կարապետյանն ընդգծեց, որ ծրագրերը օգոստոսի  21-25-ը կիրականացվեն  Վանաձորում։ Մեծ անակնկալ է սպասվում Վանաձորի երաժշտասեր հանրությանը օգոստոսի  23-ին. Վանաձորում հանդես  կգա   «Թմբաթա» ֆոլկ- ռոք խումբը, իսկ ահա օգոստոսի 24-ին՝  «Հորովել» երգի-պարի անսամբլը։

Օգոստոսի 26-27-ին տեղի կունենան փառատոնի երեւանյան օրերը՝ կլինեն ֆիլմերի դիտում -քննարկումներ, վարպետության դասեր, որոնք տեղի կունենան  Մոսկվային տանը ՝ հասցե Արգիշտի  7։ Փառատոնի շրջանակում իրականացվող բոլոր ծրագրերի մուտքն ազատ է։

Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը: 

Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից կինոգործիչների, երաժիշտների, հոգևորականների, հոգեբանների, ուսանողների և այլ արվեստի ներկայացուցիչների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում