ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի պաշտոնական հայտը կարող է քննարկվել միավորման գագաթնաժողովում, որը կանցկացվի Կազանում 2024 թ. հոկտեմբերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։
«Բացառված չէ, որ Ադրբեջանի հայտը կարող է քննարկվել 2024 թ. հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, և միավորմանը նրա անդամակցելու մասին որոշումը կարող է ընդունվել», - սենատորը գրել է Telegram ալիքում։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ադրբեջանը ներկայում արդյունավետ համագործակցություն է հաստատել ԲՐԻԿՍ-ի անդամ գրեթե բոլոր երկրների հետ և, բացի այդ, ցուցադրում է անկախ արտաքին քաղաքականություն, «ինչը նյարդայնացնում է Արևմուտքի երկրներին, հատկապես ԱՄՆ-ին և Ֆրանսիային»։
Ջաբարովը նաև վստահություն է հայտնել, որ «վաղ թե ուշ» ԲՐԻԿՍ-ին կմիանան նաև ԱՊՀ մյուս երկրները։
ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական Բաքվի ցանկությունն արտացոլվել է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցություն հաստատելու մասին համատեղ հռչակագրում, որն ընդունվել է հուլիսի սկզբին Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում:
Բաքվի կողմից ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ ներկայացնելու մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան պետական այցից հետո։
ԲՐԻԿՍ միջպետական միավորման կազմում են գտնվում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Այս տարի նրանց են միացել Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան: