Չինաստան

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Վիետնամի նախագահին

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Վիետնամի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինն օգոստոսի 19-ին հանդիպել է Վիետնամի նախագահ Թո Լամի հետ, որը պետական այցով գտնվում է Պեկինում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինի Ժողովրդական ժողովների տանը (խորհրդարան): Սի Ծինփինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թո Լամին մայիսին Վիետնամի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Օգոստոսի սկզբին Թո Լամը ստանձնել է նաև Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Թո Լամի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։ Սի Ծինփինի խոսքով՝ սա «լիարժեք արտացոլում է այն մեծ կարևորությունը, որ նա տալիս է երկու կուսակցությունների և երկու երկրների միջև կապերին», ինչպես նաև ցույց է տալիս Չինաստան-Վիետնամ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը։

Օգոստոսի 18-ին Վիետնամի ղեկավարը ժամանել է Գուանչժոու քաղաք, որտեղ այցելել է Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության հիմնադիր Հո Շի Մինի  (1890-1969 թթ.) հեղափոխական գործունեության վայրերը։ 

Պետական ​​այցի ընթացքում, որը կտևի մինչև օգոստոսի 20-ը, Վիետնամի ղեկավարը նաև հանդիպումներ կունենա Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարանի) մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Չժաո Լեցզիի և Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական խորհրդի (բարձրագույն խորհրդակցական մարմին) նախագահ Վան Հունի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում