Մերձավոր Արևելք

Դոհայում Գազայի հարցով բանակցությունների առաջին օրը կողմերն առաջընթաց են գրանցել. The Times of Israel

2 րոպեի ընթերցում

Դոհայում Գազայի հարցով բանակցությունների առաջին օրը կողմերն առաջընթաց են գրանցել. The Times of Israel

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ Դոհայում կայացած բանակցությունների առաջին օրվա ընթացքում մասնակիցներն առաջընթաց են գրանցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ընթացող բանակցությունների առաջին օրն անցել է «կառուցողական քննարկումներով», հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաները՝ հավելելով, որ որոշակի առաջընթաց է գրանցվել։

Այլ աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները երկրորդ օրը շարունակելու որոշումը ցույց է տալիս, որ կողմերը լուրջ են տրամադրված համաձայնության հասնելուն։ 

Ավելի վաղ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին հայտնել էր, որ Դոհայում բանակցությունները կշարունակվեն նաև օգոստոսի 16-ին։ Նա նշել էր, որ միջնորդները «վճռական են առաջ շարժվել» հրադադարի շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար։

Կատարի կողմից բանակցություններին մասնակցում է Էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։ Խորհրդակցություններին Վաշինգտոնը ներկայացնում են ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը։ Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է Մոսադի հետախուզության տնօրեն Դեյվիդ Բարնեան, Եգիպտոսը ներկայացնում է հանրապետության հետախուզական ծառայության ղեկավար Աբբաս Քամելը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ներկայացուցիչներ չի ուղարկել բանակցություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում