Ռուսաստան

Ուկրաինան Կուրսկում զինվորական հրամանատարության գրասենյակ է հիմնել

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան Կուրսկում զինվորական հրամանատարության գրասենյակ է հիմնել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին զեկուցել է ՌԴ Կուրսկի մարզում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում զինվորական հրամանատարության գրասենյակ հիմնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Սիրսկին նշել է, որ Սուջայում և երեք այլ բնակավայրերում ավարտվել է հակառակորդի ուժերի որոնումը և ոչնչացումը։ 

«Վերահսկվող տարածքներում կարգուկանոնը պահպանելու և բնակչության առաջնահերթ կարիքներն ապահովելու համար ստեղծվել է զինվորական հրամանատարության գրասենյակ։ Դրա ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր (Էդուարդ) Մոսկալևը», - ասել է Սիրսկին:

Նա հայտնել է նաև, որ Կուրսկի մարզում գործողության սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականները առաջ են շարժվել 35 կմ խորությամբ, իրենց վերահսկողության տակ են վերցրել 82 բնակավայր և 1150 քառ. կմ տարածք։

Ուկրաինական ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզ են ներթափանցել օգոստոսի 6-ին։ Զելենսկին դա պաշտոնապես հաստատել է օգոստոսի 12-ին։ Ըստ ուկրաինական կողմի՝ գերի է վերցվել 100-ից ավելի ռուսաստանցի զինծառայող, որոնց թվում են նաև «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները։

Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Կուրսկի մարզի տարբեր բնակավայրերից։

Սուջայում է գտնվում գազային հանգույց, որով Ռուսաստանից գազն Ուկրաինայի տարածքով հասնում է Եվրոպա։ Սա տեղիք է տվել ենթադրությունների, որ Կիևի նպատակներից մեկը կարող է լինել Մոսկվային ֆինանսավորման շահութաբեր աղբյուրից զրկելը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում