Տնտեսություն

Ջրհեղեղի հետևանքով անկած գյուղկենդանիների, կորցված կամ վնասված ծառերի համար փոխհատուցում կտրամադրվի

4 րոպեի ընթերցում

Ջրհեղեղի հետևանքով անկած գյուղկենդանիների, կորցված կամ վնասված ծառերի համար փոխհատուցում կտրամադրվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում տուժած բնակչությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հաստատվել է Կառավարության օգոստոսի 15-ի նիստում։ 

«Նախագծով աջակցություն է տրամադրվում աղետի գոտում ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև ոչնչացված կամ կորցված ու վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների համար: Աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում նաև «Անի Պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված կենդանիների համար՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  

Փոխհատուցում կտրամադրվի հետևյալ չափով՝ մեկ գլխի համար՝ ցուլ՝ 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար դրամ, խոզ՝ 100 հազար դրամ, խոճկոր՝ 400 հազար դրամ, ոչխար և այծ՝ 50 հազար դրամ, գառ՝ 40 հազար դրամ: Մեկ հատի համար՝ ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար դրամ, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500 դրամ, բադ՝ 4000 դրամ, սագ՝ 5000 դրամ, հնդկահավ՝ 7000 դրամ, մեղվափեթակ՝ 60 հազար դրամ, ծիածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 1 հատ հատը՝ 2400 դրամ:

Երկրորդ՝ փոխհատուցում կտրամադրվի համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում գնահատված արժեքի 50 տոկոսի չափով: Բացառություն են խոշոր եղջերավոր կենդանիներն ու ծիածանափայլ իշխանի մայրական կազմը, որոնց հաշվառված չլինելու դեպքում փոխհատուցում չի տրամադրվում: 

Երրորդ՝ տնամերձ հողամասերի դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում 150 հազար դրամ:  

Չորրորդ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակած լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում, անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Օրինակ՝ մեկ հատի հաշվով՝ աղետի հետևանքով ոչնչացված կամ կորցված պտղատու ծառը՝ 8500 դրամ, աղետի հետևանքով վնասված պտղատու ծառը՝ 1500 դրամ, պտղատու տնկանյութի դեպքում՝ 300 դրամ, 1 քառ. մետրի հաշվով հատապտղի թուփը՝ 450 դրամ, հացահատիկը և հատիկաընդեղեն՝ 1 հա-ի հաշվով՝ 350 հազար դրամ:

Հինգերորդ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակած լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում փոխհատուցում կտրամադրվի գնահատված արժեքի 30 տոկոսի չափով: Օրինակ՝ այս պարագայում աղետի հետևանքով ոչնչացված կամ կորցված պտղատու ծառերի դեպքում կլինի 2550 դրամ, կամ մեկ հա հացահատիկը կամ հատիկաընդեղենը՝ 105 հազար դրամ:

Աջակցություն ստանալու համար շահառուն պետք է մինչև սեպտեմբերի 6-ը դիմի համայնք՝ նշելով, թե կարգի որ կետին համապատասխան է համարվում տուժած և ներկայացնի  կորուստի վերաբերյալ տեղեկատվություն: 

Նախարարը տեղեկացրեց, որ ըստ վնասի նախնական գնահատման արդյունքների՝ կորցված կամ անկած խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը շուրջ 400 գլուխ է, թռչուններ, ճագարներ և այլն՝ 2413, ոչնչացված կամ կորցված բերքատու ծառերն այս պահին 10 հազար 248-ն են, ոչնչացված ցանքատարածությունները՝ 25.1 հա: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում