Աշխարհ

Հնդկաստանը հայտարարել է, որ մինչև 2036 թվականն իր բնակչության թիվը կգերազանցի 1,5 միլիարդը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը հայտարարել է, որ մինչև 2036 թվականն իր բնակչության թիվը կգերազանցի 1,5 միլիարդը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի բնակչության թիվը 2036 թվականին կհասնի 1,522 միլիարդի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է երկրի Վիճակագրության և ծրագրերի կատարման նախարարության զեկույցում։

60 և ավելի բարձր տարիքի բնակիչների բաժինն, ըստ կանխատեսումների, կաճի։ Միևնույն ժամանակ, ծնելիության տարիքային գործակցի նվազման պատճառով կկրճատվի մինչև 15 տարեկան բնակիչների թիվը: 

Կանանց թիվը մինչև 2036 թվականը կաճի մինչև 48,8 %, ինչը կնպաստի երկրում գենդերային հավասարության բարելավմանը, երբ Հնդկաստանում հազար տղամարդուն բաժին կընկնի 952 կին՝ 2011 թվականի 943-ի համեմատությամբ։ Ըստ նախարարության՝ դա կապահովի կողմնորոշիչներ հնդկական հասարակությունում սոցիալ-տնտեսական առաջընթացի և կանանց ավելի լավ կարգավիճակի ապահովման համար:

ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA) տվյալներով՝ Հնդկաստանը կլինի աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրն ամբողջ հարյուրամյակի ընթացքում և մինչև 2100 թվականն այդ ցուցանիշով առաջ կանցնի Չինաստանից:

Ներկայում Հնդկաստանը բնակչության թվով առաջատարն է աշխարհում. երկրի բնակչությունը գնահատվում է 1,442 միլիարդ մարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 1,425 մլրդ բնակչով։ Հնդկաստանի բնակչության աճը UNFPA-ն կապել է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և մայրական մահացության մակարդակի նվազման հետ: Հիմնադրամի տվյալներով՝ Հնդկաստանի բնակչության 26 %-ն այժմ 10-24 տարեկան է, ընդ որում, 2023 թվականին ծնված տղամարդկանց կյանքի տևողությունը գնահատվում է 71, իսկ կանանցը՝ 74 տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում