ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում (սեպտեմբերի 14-15) Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հայտարարում է գեղանկարչական աշխատանքների մրցույթ` «Ավ. Իսահակյանը, հայ և եվրոպական ճարտարապետական հուշարձանները» թեմայով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիներ ու երիտասարդներ:
Մրցույթի թեմաների մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է տուն-թանգարանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում՝ ուղղորդելու մասնակիցներին հայկական կամ եվրոպական ճարտարապետական կոթողները պատկերելու ընտրության հարցում:
Գեղանկարները պետք է ներկայացնել տուն-թանգարան մինչև օգոստոսի 29-ը ներառյալ՝ A3 ձևաչափով և շրջանակով:
Աշխատանքները կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, և ընտրված լավագույնները կցուցադրվեն «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված ժամանակավոր ցուցահանդեսում:
Առաջին տեղը զբաղեցնողը կստանա դրամական պարգև, երկրորդ և երրորդ տեղերը` հատուկ մրցանակ և պատվոգրեր: Մրցույթի մյուս մասնակիցները կստանան շնորհակալագրեր:
Մասնակիցների համար մրցույթի ավարտին կկազմակերպվի թանգարանի կողմից նկարահանված «Վարպետը» անիմացիոն ֆիլմի դիտում:
Մրցույթի գործընկերն է «Նարեկացի» արվեստի միությունը: