Հայաստան

Ավելի քան 707 մլն 338 հազար դրամի վերաբաշխում. ՀՀ-ում կբարեկարգվեն կրթական, մշակութային և մարզական կառույցներ

8 րոպեի ընթերցում

Ավելի քան 707 մլն 338 հազար դրամի վերաբաշխում. ՀՀ-ում կբարեկարգվեն կրթական, մշակութային և մարզական կառույցներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 707,338.4 հազար դրամ գումարի չափով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը:

  • Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղում թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի տեղակապման, վարչական շենքի կառուցման և տարածքի բարեկարգման, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ–ին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության վերակառուցման ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք ենթակա են պարզ քաղաքաշինական փորձաքննության։
  • ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի դղյակի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար հայտարարված 2 մրցույթները չեն կայացել՝ ոչ մի հայտ չներկայացվելու հիմնավորմամբ։ Ուստի նախատեսվում է գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ին, որպեսզի վերջինիս կողմից կազմվեն գիտանախագծային փաստաթղթերը։ Նշենք, որ ՊՈԱԿ–ի վերականգնող ճարտարապետները նախկինում  գիտական աշխատանք և ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի դղյակի վերաբերյալ։
  • ՀՀ Լոռու մարզի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցու, նրան կից եկեղեցու և Մարիամաշեն եկեղեցու տանիքի ծածկասալերը փլուզված են, իսկ մատուռներից մեկում առկա է որմնանկարների պատշաճ պահպանումը ապահովելու խնդիր: Դրանով  պայմանավորված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել և ներկայացվել են փորձաքննության համալիրի եկեղեցիների տանիքների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա գումար կհատկացվի շինարարական աշխատանքների ձեռքբերման համար:
  • «Արտաշատի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ մասնաշենքի վերակառուցման համար ևս միջոցներ են նախատեսված: Դպրոցը ներառված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրում, որի շրջանակում նախատեսվում է վերակառուցել դպրոցի մասնաշենքերը: Հատկացվող միջոցները ուղղվելու են քանդման աշխատանքների կատարմանը:
  • «Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի համար 2022-2024 թթ․–ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվել է նոր մարզադահլիճ։ Իրականացվել են նաև ջեռուցման աշխատանքները, սակայն մասնաշենքի գազասպառման համակարգը մատակարարման ցանցին միացված չէ։ Ներկայում մարզադահլիճի կառուցման աշխատանքներն ավարտվել են և մասնաշենքի ջեռուցման ապահովման համար նախատեսվում է դպրոցին հատկացնել գազատարի կառուցման համար անհրաժեշտ գումարը։ Այս նպատակով դպրոցի պատվիրատվությամբ ձեռք են բերվել ՀՀ օրենսդրությամբ պահանջվող նախագծանախահաշվային փաստաթղթերը։
  • «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ–ին ամրացված շենքի հիմնանորոգման 2023 թ․–ին նոյեմբերից մեկնարկած աշխատանքները դեռ շարունակվում են։ Աշխատանքների համադրման և ծավալների ավելացման անհրաժեշտությամբ պայմանավորված նախատեսվում է թույլատրել ծավալների ավելացում 11.92%-ի չափով և համադրում 21.04%-ի չափով։ 

Որոշմամբ կատարվում է նաև 36,187.2 հազար դրամ գումարի չափով միջհոդվածային վերաբաշխում՝ թվով 4 հուշարձանի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով, մասնավորապես․

  • ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք Հայոց արքաների դամբարանի և հնավայրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման, ՀՀ Արարատի մարզի Տափի բերդի պարիսպներին կից օժանդակ շինությունների վերականգնման, ավտոկայանատեղի կառուցման, ՀՀ Վայոց Ձորի մարզի Սմբատաբերդի պարիսպների վթարային հատվածների և կից կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար 3 անգամ հայտարարված մրցույթները չեն կայացել: Հաշվի առնելով, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից շարունակաբար իրականացվում են Աղձք Հայոց արքաների դամբարանի և հնավայրի պեղման աշխատանքները, ինչպես նաև  ՊՈԱԿ-ի անձնակազմում ներառված ճարտարապետները նախկինում  գիտական աշխատանք են իրականացրել Արարատի մարզի Վեդի համայնքի Տափի բերդի պարիսպների, Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի Սմբատաբերդի պարիսպների վերականգնման ուղղությամբ՝ նախագծային փաստաթղթերը նախատեսվում է ձեռք բերել վերջինից՝ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։
  • ՀՀ Սյունիքի մարզի Բաղաբերդ ամրոցի ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար ևս 3 անգամ հայտարարված մրցույթները չեն կայացել, քանի որ հայտ չի ներկայացվել: Հաշվի առնելով, որ նախատեսվում է Բաղաբերդ ամրոցին առաջիկայում տալ արգելոց-թանգարանի կարգավիճակ՝ որպես «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված ՊՈԱԿ-ը, համաձայն փոփոխված կանոնադրության, իրավունք է ձեռք բերել մատուցելու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայություններ՝ փաստաթղթերը նախատեսվում է ձեռք բերել վերջինից՝ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։
  • Նախատեսվում է ավարտված շինարարական աշխատանքների համար 32,972.0 հազար դրամ գումարի չափով վճարումներ կատարելու նպատակով կատարել հատկացումներ մասնավորապես «Երևանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ–ին ամրացված շենքի տանիքի վերակառուցման, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ–ին ամրացված շենքի ջեռուցման, «Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի կաթսայատան վերազինման աշխատանքների համար:
  • ՀՀ մարզերում ԳՏՃՄ լաբորատորիաների ձեռքբերման շրջանակում 525,862.2 հազար դրամ գումարի չափով առաջացած ոչ ռեզիդենտի հարկերի վճարման նպատակով կատարվել է վերաբաշխում և լաբորատորիաների ձեռքբերման միջոցառումներից հարկերի համար անհրաժեշտ գումարները կհատկացվեն «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին:
  • Նախատեսվում է նաև թույլատրել «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ–ին կատարել մարզադահլիճի ջեռուցման իրականացման և մասնակի նորոգման աշխատանքների համադրում 24.97%-ի չափով և ծավալների ավելացում 36.41%-ի չափով։ Վարպետության դպրոցին գումարը հատկացվել է ՀՀ կառավարության 14.12.2023թ․–ի N 2202-Ն որոշմամբ։ Աշխատանքների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նախագծային փոփոխություններ կատարել, մասնավորապես վինիլային հատակը փոխարինվել է ռետինե հատակով, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել մուտքերի դռների և լուսավորության մասով։ 
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում