Ռազմական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է երիտասարդ սպաների և սփյուռքահայերի

3 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է երիտասարդ սպաների և սփյուռքահայերի

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ օգոստոսի 12-ին ՊՆ վարչական համալիրում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, քաղաքացիական բուհերի ուսանողների, մի շարք երիտասարդ սպաների և սփյուռքահայ երիտասարդների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է երիտասարդության դերը և բնականոն ու սահուն սերնդափոխության անհրաժեշտությունը պետության կայուն զարգացման, առաջընթացի, այդ թվում նաև ԶՈՒ զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում։ 

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ԶՈՒ-ում սկիզբ առած արմատական բարեփոխումներին, վերջին տարիներին կատարված լայնածավալ աշխատանքներին, այդ թվում՝ ինժեներական աշխատանքներին, բնակարանային ապահովման ծրագրին, ինչպես նաև ներդրված մի շարք հեռանկարային ծրագրերի, որոնց նպատակն է որակական նոր, ամուր հիմքեր ստեղծել պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար՝ զինված ուժերը համալրելով երիտասարդ, պատրաստված ու բանիմաց մասնագետներով։ Այս համատեքստում Սուրեն Պապիկյանը խոսել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, որը լայն հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին՝ ժամկետային ծառայությունը սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով և բարձր աշխատավարձով փոխարինելու հնգամյա պայմանագրային ծառայությամբ։ 

Որպես սոցիալական կարևոր բաղադրիչ՝ անդրադարձ է կատարվել նաև սպաների ատեստավորման շարունակական գործընթացին։ Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է նաև ռազմական կրթության ոլորտում արդեն իսկ սկիզբ առած և ընթացիկ բարեփոխումները, ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացված ծրագրերի կյանքի կոչումը, ՀՀ բանակում կանանց դերակատարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, կրթության որակի կտրուկ բարձրացումը: Այս ամենի վերջնարդյունքը մեկն է՝ ունենալ մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին պատրաստ զինված ուժեր՝ ունակ բարձր մակարդակով կատարելու առաջադրված խնդիրները։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, ու արվում է առավելագույնը՝ դրանք լուծելու և սպայի պատվաբեր մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում