Մշակույթ

Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում և 73 այլ բնակավայրում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում և 73 այլ բնակավայրում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սպորտային-ժամանցային մրցույթ, հեծանվաերթ-իրազեկում, առողջ ապրելակերպի վերաբերյալ ինտերակտիվ քննարկում, տեսանյութեր /ռիլեր/ պատրաստելու մրցույթ, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողության հասած երիտասարդների մասնակցությամբ, նկարազարդման վարպետության դաս և գործնական աշխատանք, քվեսթ, թվային տեխնոլոգիաների կանգառ, երիտասարդական ծրագրերի տեղեկատվական տաղավար և այլն: Օրը կամփոփվի համերգային կատարումներով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառումների հագեցած օրակարգը կշարունակվի նաև օգոստոսի 13-ին՝ երիտասարդների մասնակցությամբ «Ակադեմիական քաղաք» նախագծի քննարկմամբ:

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գավառի համայնքապետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԱՀԿ Հայաստանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության, ինչպես նաև «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գավառի երիտասարդների տան, «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի, «Բայազետ» կենտրոնի, «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի, «Դը Բոդի Շոփ»-ի համատեղ ջանքերով։

Դրանք նախատեսվում են հանրապետության բոլոր մարզերում՝ 73 բնակավայրերում և Երևան քաղաքում:

ՀՀ ամբողջ տարածքում միջոցառումները կազմակերպվելու են պետական և համայնքային կառույցների, Երևանի քաղաքապետարանի և երիտասարդական կազմակերպությունների կողմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում