Քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից օգնության տրամադրումը Հայաստանի կողքին լինելու ԵՄ-ի հանձնառությունն է. շվեյցարացի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

Եվրոպական խաղաղության հիմնադրամից օգնության տրամադրումը Հայաստանի կողքին լինելու ԵՄ-ի հանձնառությունն է. շվեյցարացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի բնորոշմամբ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի հատկացման վերաբերյալ Եվրոպական միության որոշումը ԵՄ-ի՝ ռազմական առումով Երևանի կողքին կանգնած լինելու հանձնառությունն է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց՝ նկատելով, որ, այդուհանդերձ, դեռևս դժվար է դատել, թե իրականում ինչի՞ կհասցնի այդ միջոցների տրամադրումը՝ գործառնական և տեխնիկական մակարդակով։ Ըստ պատգամավորի՝ դա դեռ պետք է տեսնել հետագայում: 

«Բայց մի բան հստակ է, որ այս ներդրումը հանձնառություն է․ Եվրոպական միության՝ ռազմական առումով Հայաստանի կողքին լինելու հանձնառություն։ Հուսով եմ, որ սա կարող է նաև զսպող ազդեցություն ունենալ։ Եվ նաև հուսով եմ, որ այս՝ դեռևս համեմատաբար փոքր գումարը կլրացվի հետագա միջոցներ հատկացնելու որոշումներով՝ հատկապես ճգնաժամի պարագայում», - իր խոսքում ընդգծեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը։

Խոսելով նաև Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու որոշման մասին՝ Մյուլլեր-Ալտերմատը կարծիք հայտնեց, որ ինչքան ազատ լինի մարդկանց տեղաշարժն, այնքան երկրների միջև հարաբերությունները կսերտանան, հետևաբար վիզաների ազատականացումը ևս բարձր արժեք ունի Հայաստանի Հանրապետության համար։ 

«Վիզայի ազատականացումը յուրօրինակ խորհրդանիշ կլինի Երևանի՝ Մոսկվայից դեպի Բրյուսել կողմնորոշման փոփոխության համար։ Եվ հակառակը, դա հաստատում է, որ Բրյուսելը հասկացել է այս վերակողմնորոշումը», - շեշտեց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ կարող է ԵՄ-ի կողմից ընդունված այս որոշումն ամրապնդել ու ավելի սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և ի՞նչ կարևորություն կարող է ունենալ այն պաշտոնական Երևանի համար։

Ըստ նրա՝ այս ամենից զատ, բնակչության համար ևս մեծ օգուտ կլինի, եթե նրանք վերջապես կարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպա։ 

«Իմ բոլոր հայ ընկերները տառապում են վիզայի պահանջների բյուրոկրատիայից», - եզրափակեց Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը։

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում