Սպորտ

Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը հյուրընկալել է Օլիմպիական խաղերի մեդալակիր հայ ըմբիշներին

2 րոպեի ընթերցում

Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը հյուրընկալել է Օլիմպիական խաղերի մեդալակիր հայ ըմբիշներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆրուա Բուլարը քաղաքային այգում օգոստոսի 8-ին հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամներ, բազմաթիվ երկրպագուներ:

«Ողջունելով մարզիկներին՝ Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը շնորհավորել է նրանց Փարիզ-2024-ում ունեցած տպավորիչ մրցելույթների և նվաճած մեդալների առթիվ: Ժոֆրուա Բուլարն ընդգծել է՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու բարեկամությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և սրտացավ վերաբերմունքի համար: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը խաղերի ողջ ընթացքում զգում է թե՛ Փարիզի իշխանությունների, թե՛ ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն ու բարեկամական վերաբերմունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության և երկրպագության համար: Ներկաներին ողջունել է նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Այնուհետև, հայ մարզիկները լուսանկարվել են Փարիզի 17-րդ շրջանի քաղաքային այգում հավաքված երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել նրանց:

Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը կհյուրընկալվեն նաև Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» և կհանդիպեն Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում