ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկա է գտնվել «Արմենիան Տոբակո Քոմփանի» (ATC) ընկերության և բրիտանական Imperial Brands խմբի անդամ Reemtsma Cigarettenfabriken GmbH ընկերության համագործակցության պաշտոնական մեկնարկի արարողությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից՝ հավելելով, որ միջոցառմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
Նախարարությունը հավելում է, որ 2024-2027 թվականների ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամի ներդրում, որի արդյունքում «Արմենիան Տոբակո Քոմփանի» ընկերությունում առկա 70 աշխատատեղերին կավելանան ևս 200-ը:
«ATC-ն Հայաստանում նախատեսում է աշխարհահռչակ երկու ապրանքանիշերի արտադրություն: Միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան արտադրանքի վաճառքն իրականացվելու է հայաստանյան շուկայում», - հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Գերատեսչությունը հայտնում է, որ արտադրանքի մշակումն ու որակի վերահսկողությունը իրականացվելու է Imperial Brands-ի կողմից, որը ներառված է «Fortune Global 500» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում։