Մերձավոր Արևելք

Ավելի քան տասը երկիր իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ Լիբանանից

2 րոպեի ընթերցում

Ավելի քան տասը երկիր իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ Լիբանանից

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրների ցանկը, որոնք կոչ են անում իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանի տարածքը, շարունակում է ընդլայնվել շիա «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև զինված հակամարտության հնարավոր սրման ֆոնին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանից հեռանալու և այդ երկիր չմեկնելու մասին վերջիններից մեկը հայտարարություն է տարածել Ճապոնիան։ Լիբանանում Ճապոնիայի դեսպանատունն օգոստոսի 5-ին նշել է, որ տարածաշրջանում լարվածությունն աճում է, և ամբողջ Լիբանանի համար սահմանվում է վտանգի 4-րդ մակարդակ, ինչը նշանակում է «տարհանման հանձնարարական»։ 

Բացի Ճապոնիայից, վերջին օրերին իրենց քաղաքացիներին Լիբանանից հեռանալու կոչ են արել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Չեխիան, Շվեդիան, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Հորդանանը, ինչպես նաև Հայաստանը։ 

Հնարավոր հարվածի պատճառով մի շարք միջազգային ավիաընկերություններ կա՛մ ամբողջությամբ դադարեցրել են իրենց թռիչքները դեպի Բեյրութ, կա՛մ չեղարկում են գիշերային թռիչքները։

Անցյալ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Բեյրութի արվարձանին հասցված հարվածների հետևանքով սպանվել է շիա «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը: Նրա հետ միասին զոհվել են նաև 1 կին, 2 երեխա և Իրանի ռազմական խորհրդական Միլադ Բեյդին։ 68 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ 

Շարժման առաջնորդ Հասան Նասրալլան իր վերջին ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ն անցնում է Իսրայելի հետ պայքարի նոր մակարդակի և մտադիր է ուժեղ պատասխան հարված հասցնել։ 

Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին հայտնել է նաև Իրանն այն բանից հետո, երբ Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում