Իրավունք

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության դեպքի մասին

5 րոպեի ընթերցում

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության, խուլիգանության վարույթով ևս մեկ անձի կալանավորելու որոշում է կայացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ հայտարարվել է հետախուզում:

«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակից ևս մեկ անձի ինքնությունը, ով Տավուշի մարզի 39–ամյա բնակիչ Դ․Հ․–ն է»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ հիշյալ վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք է ներկայացվել երկու անձի՝ Մ․Փ․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով և 19–ամյա Լ․Բ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններս կալանավորված են։ 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19–ամյա երիտասարդը՝ Լ․ Բ․-ն և 40–ամյա տղամարդը՝ Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42–ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։

Ինչպես շեշտվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ, նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն, Դ․Հ․–ն և ինքնությունը դեռևս չպարզված մի տղամարդ, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։

Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ։ Վերջինս, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։

Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց, այդ թվում նաև անչափահասների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Դ․Հ․–ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է։ Դ․Հ․-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում