Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացավ գործարար Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուով

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն» խորագրով ցուցահանդեսում, որը բացվեց հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ներկայացված է «Բունկեր» խմբի աբստրակցիոնիստներ Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սէվի (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչի (Հաջյան), Մարտին Պետրոսյանի, Օֆենբախի (Գրիգոր Գյուլեզյան) և Աշոտ Աշոտի (Աշոտ Ղազարյան) քառասուներկու ստեղծագործություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստեղծագործությունները գործարար և արվեստի հավաքորդ Սերգեյ Ջավադյանի ընտանիքը, որն արտերկրում է, նվիրաբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին՝ հանրությանը հնարավորություն ընձեռելով վերաբացահայտելու շրջադարձային, սակայն մինչ օրս անտեսված ժառանգությունը։

«Վերջին շրջանում ամեն ցուցադրության մասին խոսելիս ասում եմ, որ այն աննախադեպ է։ Այս անգամ ևս չեմ կարող դա չասել, քանի որ սա մեծ կարևորություն և նշանակություն ունեցող ցուցադրություն է։ Առաջին անգամ ամփոփ և ամբողջական տարբերակով  ներկայացնում ենք 20-րդ դարի վերջի հայկական ժամանակակից արվեստի մի շատ կարևոր հավաքածու»,-նշեց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ցուցադրության կարևոր ասպեկտներից մեկը հայկական ժամանակակից արվեստի արժևորումն ու վերարժևորումն է, թանգարանային հավաքածուներում ժամանակակից արվեստի ստեղծագործություններով համալրման գործընթացն է։ Նա շատ մեծ նշանակություն է տալիս նաև նվիրատվության գործոնին։

«21-րդ դարում ժամանակակից արվեստի ընկալման խնդիր կա, թանգարանային ընկալման կարծրատիպեր կան, ըստ որոնց՝ թանգարանում արվեստի պատմությունն ինչ-որ շրջանում ընդհատվում է, հետո՝ շարունակվում։ Ըստ իս՝ դա լուրջ խնդիր է մեր օրերի թանգարանի համար։ Հետևելով միջազգային փորձին՝ մեր միտումն է հենց ժամանակակից արվեստի հավաքածուի  հայեցակարգային համալրումը»,-շեշտեց տնօրենը։

Հակոբյանը խոստովանեց՝ երկու տարի առաջ, երբ հայտնվել է այն արվեստանոցում, որտեղ պահվում էին ցուցադրությանը ներկայացված գանձերը, վստահություն չի ունեցել, որ այդ արժեքները կարող են տեղ գտնել պատկերասրահում։ Նա շնորհակալ է Ջավադյանների ընտանիքին նման նվիրատվության համար։

«Էլմիրա և Սերգեյ Ջավադյանների շնորհիվ մեր պատկերասրահը մեկ քայլ առաջ արեց և, կարծում եմ, ժամանակակից արվեստի նմուշներով մեր թանգարանը հարստացնելու  հայեցակարգային մոտեցումը կբերի նրան, որ կիրականանա մեր՝ 20-21-րդ դարերի արվեստը ներկայացնելու համար առանձին մասնաշենք ունենալու տարիների երազանքը»,-ընդգծեց Մարինա Հակոբյանը։

Ցուցադրությունը համադրել են Վիգեն Գալստյանն ու Շողակաթ Ղազարյանը։ Գալստյանը հավաքածուի բացառիկությունն է համարում այն, որ ներկայացված են 1980-ականների վերջի հայկական ավանգարդիստական արվեստի ամենաառաջադեմ դրսևորումները վերացական արվեստի ոլորտում։ «Այդ ժամանակ առաջ եկավ երիտասարդ արվեստագետների մի սերունդ, որ իր ստեղծագործություններով, ապրելակերպով համառորեն դիմադրում էր խորհրդային կարգերին ու փորձում էր ստեղծել նոր իրականություն արվեստի տիրույթում։ Նրանք իրենց արվեստով փորձում էին փոխել նաև այն միջավայրը, որում ապրում էին։  1987 թվականին, երբ իրականացվեց «Երրորդ հարկ» միավորման առաջին ցուցահանդեսը, այն հայկական ժամանակակից արվեստի առաջին պաշտոնական ցուցադրությունն էր, այդ ջանքերն արմատական արդյունք տվեցին, ինչից հետո հայկական արվեստը նոր ուղու վրա հայտնվեց»,-պատմեց համադրողը։

Ցուցադրությունում ներկայացված արվեստագետներին, որոնք այժմ ապրում և ստեղծագործում են աշխարհի տարբեր ծայրերում,  Գալստյանը համարում է նոր արվեստի, նոր ժամանակաշրջանի ռահվիրաներ։ Նրանցից միայն Աշոտ Աշոտն էր ներկա ցուցադրությանը։

Քիքին, Սէվը, Արմեն Ռոչը, Մարտին Պետրոսյանը, Օֆենբախը և Աշոտ Աշոտը վերացականությունը դիտարկում էին որպես գեղագիտական ​​և մտավոր հետազոտության ինքնավար տիրույթ: Գեղարվեստական սուվերենության նույն համոզմունքն էր կիսում նաև գործարար և արվեստի հավաքորդ Սերգեյ Ջավադյանը, որը նյութապես օժանդակում է խմբին և աջակցում հայ աբստրակցիոնիստների հանրային ճանաչմանը։ Արվեստագետներն էլ Ջավադյանին տրամադրեցին իրենց լավագույն գործերից շատերը՝ դրանով իսկ նպաստելով քսաներորդ դարի վերջի հայ ժամանակակից արվեստի ամենամեծ և կարևոր հավաքածուներից մեկի ձևավորմանը:

«Սկզբում Սերգեյ Ջավադյանը հետաքրքրվում էր ժամանակակից արվեստով որպես նեդրման միջոցի, սակայն ժամանակի ընթացքում նա այնքան տարվեց այն գաղափարներով, որ կրում էին արվեստագետները, որ գործարարից անցավ մեցենատի կարգավիճակի և տարիներ շարունակ ֆինանսապես աջակցեց վերոնշյալ արվեստագետներին, որ նրանք կարողանան աշխատել, ազատ ստեղծագործել։ Եթե չլինեին Ջավադյանի նման մարդիկ, գուցե չունենայինք նման կերպարվեստ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ջավադյանը դարձավ հավաքորդ ու կարողացավ ստեղծել այդ ժամանակաշրջանի իր ծավալներով ու որակով բացառիկ հավաքածու։ Պատկերասրահը դառնում է այն եզակի պետական կառույցը, որ ունակ է բարձր մակարդակով  ներկայացնել ժամանակակից արվեստի այս ճյուղը»,-համոզմունք հայտնեց համադրողը։

Վիգեն Գալստյանը շեշտեց՝ վերոնշյալ արվեստագետների շնորհիվ հայկական ժամանակակից արվեստը սկսեց միջազգային համբավ վայելել։ «Ավաղ, արվեստի այս տեսակն այնքան էլ ճանաչված և գնահատված չէ հասարակության մեջ»,-եզրափակեց նա։

Ցուցահանդեսը բաց կլինի չորս շաբաթ։

 

 

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան