ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության պետական համակարգի մարմինների մասնակցությամբ նիստը:
Պետական համակարգի մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ԲԿԳ 2022-2024թթ. գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների կատարման ընթացքը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են տվյալների քաղաքականության, ռազմավարական հաղորդակցության, տեղեկատվության ազատության ինքնագնահատման, մասնակցային բյուջեի, կադաստրային գեոպորտալի, գնումների էլեկտրոնային համակարգի, դատական վիճակագրական գործիքի, նվերների ռեեստրի և աշխատանքային թվային պայմանագրերի վերաբերյալ հանձնառությունները:
Քննարկման ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ հանձնառությունները ժամկետներում չիրականացնելու կամ թերի իրականացնելու վերաբերյալ:
Արայիկ Հարությունյանը կարևորել է գործընթացի արդյունավետ իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել արագացնել տեմպերն ու ջանքեր գործադրել մինչև տարեվերջ իրականացնելու հանձնառություններով սահմանված գործողությունները: