Կրթություն

Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանում հայագիտական ծրագրերը հաջող ընթացք ունեն

20 րոպեի ընթերցում

Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանում հայագիտական ծրագրերը հաջող ընթացք ունեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի համալսարանի Ասիայի և հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետում դասավանդվում է հայոց լեզու, հայ լեզվաբանություն, հայ գրականություն և գրաբար: 

Վենետիկի համալսարանում ծավալվող հայագիտական գործունեության մասին առավել մանրամասն պատմում է Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, որը Երևանում մասնակցում էր ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հուլիսի 19-22-ն անցկացված Հայագիտական միջազգային կոնգրեսին: Այն միավորել էր աշխարհի բոլոր խոշոր համալսարանական գիտական կենտրոնների հայագիտական հանրությունը ներկայացնող մասնագետներին:

Երևանի պետական համալսարանից՝ Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարան

Սոնա Հարությունյանը գերազանց ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2006 թ. ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, այնուհետև 2011 թվականին Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանում պաշտպանել դոկտորական ատենախոսության թեզ՝ նվիրված Դանտե Ալիգիերիի հայերեն թարգմանությունների լեզվաբանական առանձնահատկություններին: Եղել է այցելու դասախոս Լոս Անջելեսի (UCLA), Ֆրեզնոյի (CSUF), Նյու Յորքի (CUNY) համալսարաններում, ինչպես նաև զեկույցներով հանդես եկել աշխարհի մի շարք համալսարաններում և գիտական հաստատություններում, այդ թվում` Հայաստան, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Հոլանդիա, Լեհաստան, Ավստրիա, Մալթա, Թայվան, ԱՄՆ, Կանադա:

Սոնա Հարությունյանը հեղինակ է Հայոց ցեղասպանությանը, հայ դանթեագիտությանը, լեզվաբանությանը, թարգմանաբանությանը նվիրված ավելի քան չորս տասնյակ գիտական հրապարակումների: 2015 թվականին հրատարակվել է Սոնա Հարությունյանի «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» մենագրությունը (ԵՊՀ հրատարակություն): 2018 թվականին նա հեղինակել է «Հայոց ցեղասպանության արձագանքներն Իտալիայում» գիրքը, որում հեղինակն անդրադարձել է 1915 թվականին իտալական մամուլում տեղ գտած հայկական կոտորածների արձագանքներին: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ա. Հերմետի և Պ. Ռատտիի «Հայերի Վենետիկը» գիրքը (Ս. Պարթև, 2000 թ.), ինչպես նաև Ա. Արսլանի «Արտույտների ագարակը» (Ս. Պարթև, 2007 թ.), «Զմյուռնիայի ճանապարհը» (Զանգակ, 2012 թ.) և «Մշո գիրքը» (Զանգակ, 2016 թ.) վեպերը:

Հայագիտության ուղին Վենետիկի համալսարանում

Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի տեղեկացմամբ՝ Վենետիկի համալսարանում հայագիտության ուղին սկսվում է 1976 թվականից` շնորհիվ պրոֆեսոր Լևոն Զեքիյանի բեղուն գործունեության:

««Եթե ոչ Վենետիկում, էլ որտե՞ղ պետք է հայերեն սովորեցնել». այս խոսքերը պատկանում են օտար լեզուների և գրականության ֆակուլտետի դեկան լուսահոգի Ջանռոբերտո Սկարչիային, որը վճռորոշ դեր է ունեցել Ca’Foscari-ում հայերենի դասավանդման հիմնադրման գործում գրեթե հինգ տասնամյակ առաջ։ Այսօր Վենետիկի համալսարանի Ասիայի և հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետում դասավանդվում է հայոց լեզու, հայ լեզվաբանություն, հայ գրականություն և գրաբար: Իտալիայում ՀՀ դեսպանության և Վենետիկի համալսարանի միջև ստորագրված պայմանագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ հնարավոր եղավ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների հետ մեկտեղ շարունակել նաև Հայերենի գործնական քերականության դասընթացը, որը պարտադիր առարկա է` հայերենը որպես հիմնական կամ երկրորդ լեզու ընտրելու պարագայում: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Վենետիկի համալսարանի անունից ԿԳՄՍ նախարարությանն աջակցության համար»,- ասում է Սոնա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Վենետիկի համալսարանում հայերենը «Ասիայի և Միջերկրածովյան Աֆրիկայի լեզուների, մշակույթներ և հասարակություններ» բակալավրիատի եռամյա կրթական ծրագրով դասավանդվող հիմնական լեզուներից է: «Հայերենը հնարավոր է սովորել որպես առաջին, երկրորդ կամ երրորդ լեզու: Որպես հիմնական կամ երկրորդ լեզու ընտրելու պարագայում ուսանողներն անցնում են հայոց լեզվի եռամյա ուսուցում, իսկ երրորդ լեզվի դեպքում ուսուցումը միամյա կամ երկամյա է: Հայ գրականությունը երկամյա դասընթաց է, իսկ լեզվաբանությունն ու դասական հայերենը նախատեսված են մեկ կիսամյակ` բակալավրիատի նորաստեղծ «Eurasia» ուսումնական ծրագրի շրջանակում»,- պատմում է Սոնա Հարությունյանը:

Գիտական հետազոտություններ և հրատարակություններ հայագիտական թեմաներով

Դասավանդմանը զուգահեռ Կա'Ֆոսկարի համալսարանում իրականացվում է նաև կարևոր հայագիտական գործունեություն։ Համալսարանի «Edizioni Ca’Foscari» հրատարակչության տարբեր գիտական հանդեսներ անդրադառնում են հայագիտական թեմաների: Օրինակ՝ «Eurasiatica» գիտական հանդեսի շարքում պարբերաբար հրատարակվում է «Armenia, Caucaso e Asia Centrale» հատորյակը` նաև Հայաստանից գիտնականների մասնակցությամբ: Հանդեսն ունեցել է նաև հատուկ համարներ, այդ թվում` «From the Paleolithic to the Armenian genocide» (2015), «Studies in Armenian and Eastern Christian Art 2022»: Համալսարանի «Translating Wor(l)ds» հանդեսը ևս սփյուռքի գրականությանը նվիրված իր հատուկ թողարկման մեջ` «Orienti migranti: tra letteratura e traduzione», ներառել է հոդվածներ հայ հեղինակների մասին: Համալսարանն ունի նաև «Annali di Ca’ Foscari. Serie orientale» հանդեսը, որն ընդգրկված է «Սկոպուս» համակարգում. վերջին շրջանում բազմապատկվել են Հայաստանից ներկայացված դիմումները:

2022 թվականին Իտալիայում հայագիտությանը նոր շունչ հաղորդեց հայագետների ամենամյա գիտաժողովի մեկնարկը և Վենետիկի, Բոլոնիայի, Պիզայի և Ֆիրենցեի համալսարանների հայագետների համաղեկավարությամբ «Armeniaca» միջազգային հայագիտական հանդեսի անդրանիկ համարի ծնունդը («Edizioni Ca’Foscari» հրատ.): Այժմ պատրաստվում է երրորդ համարը: Նշված բոլոր հրատարակություններն առկա են նաև առցանց:

Միջոցառումներ՝ միտված հայագիտության տարածմանն ու հանրահռչակմանը

Դասավանդման, գիտական հետազոտության և հրատարակությունների հետ մեկտեղ շատ կարևոր են թե՛ միջոցառումների կազմակերպումը համալսարանի շրջանակում, և թե՛ Վենետիկի քաղաքապետարանի և Վենետիկում գործող մշակութային ընկերակցությունների միջոցառումներին ակտիվ մասնակցությունը:

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կազմակերպվեց միջազգային գիտաժողով «Մեծ Եղեռն. անցյալի և ներկայի մարտահրավերները թեմայով», որին 2018թ. հետևեց «Ճանապարհորդություն դեպի Հայաստան. հին ժամանակներից մինչև մեր օրերը» միջազգային գիտաժողովը` Կա'Ֆոսկարիի, Սորբոնի, ինչպես նաև Հայկական ուսումների միջազգային ընկերակցության (AIEA) և Իտալիայում Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման ընկերակցության (ASIAC) համագործակցությամբ: Մասնակցում էին նաև Հայաստանից ժամանած գիտնականներ: Գիտաժողովի իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն հոդվածների հրատարակությունը հասանելի է նաև առցանց` «Il viaggio in Armenia – Dall’antichità ai nostri giorni» («Edizioni Ca’Foscari» հրատ.):

«2019 թվականից իմ գործընկեր, պրոֆեսոր Դարիո Միկկոլիի հետ իրականացնում ենք «Orienti migranti: tra letteratura e traduzione» սփյուռքի գրականությանը նվիրված սեմինարների շարքը, որը հաճախ ներառում է հանդիպումներ՝ նվիրված հայ գրականությանը, ինչպես նաև գրքի շնորհանդեսներ»,- ասում է Սոնա Հարությունյանը և հավելում, որ հայ կինոգործիչների ֆիլմերն ընդգրկվում են նաև համալսարանի կազմակերպած կինոփառատոններում:

Համալսարանի պրոֆեսորի ներկայացմամբ՝ 2022 թվականից Վենետիկի քաղաքապետարանի և մշակութային տարբեր ընկերակցությունների համագործակցությամբ իրականացվում է միջոցառումների երկամսյակ` նվիրված Հայոց ցեղասպանությանը. «Ամեն տարի սեպտեմբերի 27-ին «Լեզուների եվրոպական օրվա» շրջանակում Վենետիկի համալսարանում տեղի է ունենում սփյուռքի գրականությանը նվիրված փառատոն, որին ակտիվորեն մասնակցում են նաև հայագիտություն ուսումնասիրող իտալացի ուսանողներ` ներկայացնելով հայ հեղինակների: Այս տարի «Լեզուների եվրոպական օրվա» շրջանակում բացվելու է վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի մահվան 700-ամյակին նվիրված ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվելու են Մարկո Պոլոյի «Աշխարհի նկարագրությունը. հրաշքների գիրքը» հատորյակի տարբեր լեզուներով հրատարակությունները: Կներկայացվի, բնականաբար, նաև գրքի հայերեն հրատարակությունը: 2022 թվականից սկսվեց համագործակցություն Վենետիկի «Incroci di Civiltà» («Քաղաքակրթությունների խաչմերուկ») գրականության միջազգային փառատոնի հետ: Փառատոնին նախկինում մասնակցել են հայ գրողներ սփյուռքից (Անտոնիա Արսլան, Վարուժան Ոսկանյան, Ահարոն Փուչիկյան, Ավետիս Հաճյան), բայց ոչ Հայաստանից: Հայաստանը փառատոնին հայ ժամանակակից գրողի միջոցով տեսնելու մեծ ցանկությունից մղված՝ 2022 թվականի ընթացքում նախաձեռնեցի և ղեկավարեցի Դիանա Համբարձումյանի պատմվածքների ժողովածուի իտալերեն թարգմանությունը` Վենետիկի համալսարանում հայագիտություն ուսումնասիրող իտալացի ուսանողների մասնակցությամբ: Երբ արդեն թարգմանությունը պատրաստ էր, հայտ ներկայացրեցի «Քաղաքակրթությունների խաչմերուկ» փառատոնին, որն ընդունեց առաջարկությունը, և «Cafoscarina» հրատարակչատունն իրականացրեց պատմվածքների հայերեն և իտալերեն երկլեզու հրատարակությունը: 2023 թվականի ապրիլին Վենետիկ ժամանեց հայ հեղինակը, և փառատոնի շրջանակում մեծ շուքով տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը»:

Հայերը և Վենետիկը

Սոնա Հարությունյանն ամփոփ անդրադարձել է Իտալիայի կրթության նախարարության կողմից վերջին տարիներին հատուկ ուշադրության արժանացած Terza Missione «Երրորդ առաքելություն» նախագծին: «Երրորդ առաքելություն» եզրը վերաբերում է գիտական, տեխնոլոգիական և մշակութային գիտելիքների փոխանցման գործընթացներին, որոնց միջոցով համալսարանն անմիջականորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության և ձեռնարկատիրական կառույցների հետ՝ տարածաշրջանի տնտեսական և սոցիալական բարգավաճմանը նպաստելու նպատակով:

Երրորդ առաքելությունը, ըստ Իտալիայի կրթության նախարարության սահմանման, պետք է դառնա համալսարանների առաքելություններից մեկը՝ ուսուցման և հետազոտության ավանդական առաքելություններին զուգահեռ: Երրորդ առաքելությունը ոչ այլ ինչ է, քան համալսարանի հանրային ներգրավվածություն` գիտելիքների, հետազոտության արդյունքների արժևորման և դրանք լայն հանրությանը մատչելի կերպով ներկայացնելու միջոցով: Երրորդ առաքելությունը ներառում է մեծահասակների կրթություն, շարունակական կրթություն, հետազոտություն-արդյունաբերություն համագործակցություն և մշակութային միջոցառումներ:

«Եվ հենց այս երրորդ առաքելության կամ հանրային ներգրավվածության ծրագրի շրջանակում Վենետիկի համալսարանում 2023 թվականին իրականացվել է «Հայերը և Վենետիկը» նախագիծը, որը տարբեր միջոցառումների միջոցով նպատակ ուներ հանրությանը ներկայացնել հայ մշակույթն ու ինքնությունը՝ ամենատարբեր արտահայտություններով: «Վենետիկը և հայերը» նախագծի առաջին միջոցառումը տեղի ունեցավ Վենետիկի Սանտա Մարտա թատրոնում. ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության թատերական բեմադրությունը: Կոստան Զարյանին նվիրված ևս մեկ միջոցառում պատրաստել էինք սփյուռքի գրականությանը նվիրված փառատոնի շրջանակում, երբ թարգմանվեց և ընթերցվեց Կոստան Զարյանի «Քաղաքներ» վիպակից մի հատված` Վենետիկի համալսարանում հայագիտություն ուսումնասիրող իտալացի ուսանողների կողմից: Ամիսներ անց, երբ Տիենե քաղաքի պետական թատրոնում մասնակցեցի Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության բեմականացման պրեմիերային, մեծ ցանկություն առաջացավ այն իրականացված տեսնելու նաև Վենետիկի բեմերից մեկում: Եվ շատ ուրախ եմ, որ բանակցությունների արդյունքում դա հնարավոր եղավ: Վենետիկի Սանտա Մարտայի «Կա'Ֆոսկարի» թատրոնում ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության թատերական բեմադրությունը՝ Թերեզա Տենտորիի ղեկավարած թատերախմբի և հայ դերասանուհիներ Լիանա Ավետիսյանի և Փիրուզա Նազարյանի մասնակցությամբ: Հետաքրքիր էր, որ Կոստան Զարյանի դերում գրողի թոռն էր՝ ճարտարապետ Արա Զարյանը: Հատկապես հուզիչ էր ներկայացման ավարտը, երբ Թերեզա Տենտորիի որդին՝ կոմպոզիտոր Կլաուդիո Ֆանտոնը, որը նաև բեմադրության երաժշտության հեղինակն էր, դուրս եկավ բեմ, և Փիրուզա Նազարյանը Կլաուդիոյի դուդուկի մեղեդու ներքո երգեց Կոմիտաս` «Քելեր, Ցոլեր»: Եվ այսպես ավարտվեց ներկայացումը…

Կարևոր է նշել, որ արդեն տարիներ է՝ ինչ Թերեզա Տենտորին՝ իր հայ տատիկի հիշատակին հավատարիմ, մեծ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ օժանդակելով Գյումրիի հաշմանդամություն ունեցող երեխաներին: Երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ համալսարանի ակադեմիական սենատի «Berengo» սրահում, որտեղ իրականացվեց գործարար համաժողով՝ իտալացի և հայ գործարարների մասնակցությամբ: «Վենետիկը և հայերը» նախագծի երրորդ միջոցառման շրջանակում Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանում գյումրեցի նկարիչ Տարոն Մանուկյանն իրականացրեց «Ներդաշնակ բնություն» որմնանկարը»,- պատմում է պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:

Համալսարան-դպրոց համագործակցություն

Հանրային ներգրավվածության ծրագրերի շրջանակում համալսարանն իր դռներն է բացում նաև դպրոցների աշակերտների համար: Օրինակ՝ այս ուսումնական տարվա ընթացքում երկու դասընթաց է իրականացվել Վենետիկի տարրական և ավագ դպրոցների աշակերտների համար: Մեկ ամիս տևողությամբ դասընթացին մասնակցած դասախոսներից յուրաքանչյուրը երեք ժամ տևողությամբ դաս է անցկացրել իր դասավանդած լեզվի, մշակույթի և երկրի վերաբերյալ՝ կամավորության սկզբունքով:

Դաս-էքսկուրսիա. Վենետիկի հայկական հետքերը

«Առիթը բաց չենք թողնում ուսանողների հետ ուսումնասիրելու Վենետիկի հայկական հետքերը: Դաս - էքսկուրսիա անցկացրեցինք Սուրբ Ղազարում, որին մասնակցեցին ոչ միայն հայագիտություն ուսումնասիրող մեր ուսանողները, այլ նաև «Translation and migration» դասընթացի մագիստրատուրայի ուսանողները: Սուրբ Ղազարում ուսանողները մասնակցեցին նաև Ներսես Շնորհալի Հայրապետի մահվան 850-րդ տարելիցի միջոցառմանը. նրանք ընթերցեցին «Հավատով Խոստովանիմ»-ի թարգմանությունները տարբեր լեզուներով, այդ թվում՝ չինարեն, պարսկերեն, կորեերեն, խորվաթերեն, հին սլավոներեն, շվեդերեն, հոլանդերեն, հին հունարեն, լատիներեն և այլն: Ուսանողներից մեկն այնքան էր տպավորվել, որ իր կորեերենի դասին որպես հանձնարարություն ներկայացրել էր Սուրբ Ղազարը կորեերենով: Վենետիկի արվեստի Բիեննալեի շրջանակում Կա’Ֆոսկարիի ուսանողները մասնակցեցին նաև Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված կրթական ծրագրին, որի միջոցով տաղավարի համադրող Արմեն Եսայանցը և կրթական ծրագրերի ղեկավար Ելիզավետա Շիրինյանը մասնակիցներին ներկայացրեցին ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագիծը: Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հույզերն արտահայտեցին նկարչության միջոցով՝ թղթին հանձնելով այն բոլոր ապրումները, ինչ զգացել էին այցելության ժամանակ: Սա դարձավ նաև գործնական դաս, քանի որ թարգմանության տեսական դասընթացի ժամանակ բազմիցս անդրադառնում եմ միջնշանային (ինտերսեմիոտիկ) թարգմանությանը, և այս պարագայում, ըստ էության, ուսանողներն արեցին հենց միջնշանային թարգմանություն՝ իրենց հույզերը վերածելով նկարի»,- տեղեկացնում է Սոնա Հարությունյանը և հավելում, որ հանդիպման ավարտին էլ մասնակիցները երգել են Մաշտոցի շարականներից հատված:

Համագործակցություն Վենետիկի Կա’Ֆոսկարի և ԵՊՀ-ի միջև

2016 թվականից Վենետիկի Կա’Ֆոսկարի և Երևանի պետական համալսարանների միջև գործում է Erasmus+ ICM ծրագիրը: Ընդգրկված ոլորտներն են` լեզվաբանություն, գրականություն, թարգմանաբանություն, պատմություն, տնտեսագիտություն, հնագիտություն, միջազգային հարաբերություններ: Մինչ այժմ իրականացված ծրագրերի ընդհանուր ֆոնդը գրեթե կես միլիոն եվրո է կազմել:

«Կրթական այս ծրագրի շրջանակում ԵՊՀ-ից արդեն հյուրընկալել ենք գրեթե հիսուն ուսանողների, դասախոսների և աշխատակիցների: Այցելու դասախոսները հնարավորություն են ունեցել նաև հրատարակելու իրենց ուսումնասիրությունները Կա'Ֆոսկարիի գիտական հանդեսներում: Իրականացնում ենք նաև թեզերի համաղեկավարություն, ինչպես նաև տալիս գիտական խորհրդատվություն ԵՊՀ ուսանողներին: ԵՊՀ-ի դասախոսներն էլ հաճախ փորձագիտական կարծիք են տրամադրում Կա'Ֆոսկարիի գիտական հանդեսներին ներկայացված նյութերին»,- եզրափակել է Սոնա Հարությունյանը:

Զրուցեց Ալլա Սերոբյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում