Հայաստան

Երևանում կազմակերպվեց հանրային քննարկում տեսալսողական մեդիայում ատելության խոսքի կանխարգելման վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

Երևանում կազմակերպվեց հանրային քննարկում տեսալսողական մեդիայում ատելության խոսքի կանխարգելման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբերալ քաղաքականության ինստիտուտը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համատեղ հուլիսի 31-ին կազմակերպեց հերթական հանրային քննարկում տեսալսողական մեդիայի կարգավորումների և ատելության խոսքի կանխարգելման վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումն իրականացվեց «Խթանել թափանցիկ եւ վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: 

Ծրագրի նպատակն է իրավիճակի վերլուծության և միջազգային իրավական փորձի հետազոտության հիման վրա ներկայացնել բարեփոխումների փաթեթ համացանցային տեսալսողական մեդիայում ատելության խոսքի վերահսկման գործուն մեխանիզմների վերաբերյալ։ 

«Մտահղացումը ծնվեց դեռևս 2022 թվականին, երբ լայնածավալ ծրագիր էինք իրականացնում որն ամբողջովին ուղղված էր ատելության խոսքի կանխարգելմանը և հաղթահարմանը, քանի որ ատելության խոսքը մեր երկրում դարձել է ամենամեծ, ամենացավոտ խնդիրներից մեկը, ինչը խոչընդոտում է մեր զարգացմանը, ոտնահարում մի շարք մարդկանց իրավունքներ և ստեղծում այլ խնդիրներ»,-ասաց ծրագրի համակարգող Մհեր Բաղդասարյանը։ 

Նրա խոսքով՝ ինչպես ցույց է տվել գործընկերների հետ իրականացված  հետազոտությունը, և հանրությունը, և մեդիափորձագետների մեծ մասը գտնում է, որ հատկապես այն մեդիաներն են տարածում ատելության խոսք, որոնք չեն բացահայտում իրենց իրական շահառուներին և  ունեն գաղտնի, ոչ թափանցիկ ֆինանսավորում։

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ հատկապես համացանցում գործունեություն իրականացնող մեդիայի հնարավորությունները հաճախ են օգտագործվում ատելության խոսքի տարածման համար։

«Այս քննարկումներով մենք նպատակ ունենք լսել հենց մեդիաների, ինչպես նաև փորձագետների, հանրության, հետաքրքրված անձանց կարծիքը և մոտեցումները՝ թե ինչ քայլեր կարող ենք անել, որպեսզի բացառենք ատելության խոսքը նման մեդիաներում, քանի որ այս պահին օրենքն  այդ իմաստով բաց է»,-նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննարկման արդյունքում մշակվելու է օրենսդրական բարեփոխումների նախագիծ, որը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովին։

Ծրագրի համակարգողը կարևորեց մեդիայի վերաբերյալ օրենսդրության և քաղաքականության փոփոխության համահունչ լինելը  փորձագետների ու շահառուների կարծիքին։

Այդուհանդերձ, բանախոսի գնահատմամբ, մեդիակազմակերպությունների կողմից մասնակցությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպվող քննարկումներին  շատ պասիվ է։ 

Մոդերատոր Շուշան Ավագյանը շնորհակալություն հայտնելով բովանդակային քննարկման համար, ընդգծեց, որ դրանց արդյունքում նոր գաղափարներ ու մտքեր են ծնվում։ 

Կարևորելով մեդիաների մասնակցությունը քննարկումներին, նա հավաստիացրեց, որ կշարունակեն նրանց առավել ակտիվ ներգրավելու փորձերը։

«Նախորդ քննարկումը ապացույց էր, որ մեդիայի բարձրացրած  հարցերը մեզ մտածելու տեղիք են տալիս»,-ասաց Ավագյանը՝ հույս հայտնելով, որ հաջորդիվ ավելի շատ մասնակիցներ կլինեն մեդիայից։

Քննարկմանը մասնակցում էին նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև ոլորտային մոնիթորինգի և վերահսկողական կառույցի ներկայացուցիչներ, մեդիափորձագետներ, իրավաբաններ։ 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում