Հայաստան

«ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը» կոչ է արել Հռոմի Պապին աջակցել հայրենիք վերադառնալու հայերի իրավունքին

3 րոպեի ընթերցում

«ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը» կոչ է արել Հռոմի Պապին աջակցել հայրենիք վերադառնալու հայերի իրավունքին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ուղղված նամակում կոչ է արել դիմել միջազգային հանրությանը՝ հայ փախստականներին տրամադրելու անհապաղ մարդասիրական օգնություն և պաշտպանություն՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ինքնությունը և հայրենիք վերադառնալու նրանց հիմնարար իրավունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նամակում միությունը նաև խնդրել է հրապարակային  դատապարտել Ադրբեջանին իր կատարած հանցագործությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության ոչնչացման համար։

 «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» կարծիքով՝ Հռոմի Պապի կողմից այդ իրադարձությունների դատապարտումն ավելի մեծ ուշադրություն կառաջացնի Ադրբեջանի քայլերի նկատմամբ և առաջ կմղի վերջինիս պատասխանատվության ենթարկելու հանգամանքը։ 

«Մենք՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության անդամներս, խորը հարգանքով գրում ենք Ձեզ՝ ուշադրություն հրավիրելու Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների դժբախտ վիճակի և էթնիկ հայերի ու հայ քրիստոնեական-պատմական ժառանգության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և վանդալիզմի ծանր արարքների վրա։

Ձեր ձայնը՝ որպես աշխարհի միլիոնավոր մարդկանց հոգևոր առաջնորդ, արձագանքում է կարեկցանքի, արդարության և բարոյական հեղինակության հետ: Մենք ձգտում ենք անհապաղ ստանալ Ձեր աջակցությունը՝ հայ փախստականների իրավունքների պաշտպանության համար, ովքեր հակամարտության և Ադրբեջանի ագրեսիայի պատճառով բռնի կերպով տեղահանվել են իրենց նախնիների հողերից», - նշված է միության հղած նամակում։

Նամակում Միությունը հավելում է, որ վերջին բռնությունների և էսկալացիայի արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքով բազմաթիվ հայ ընտանիքներ ստիպված են եղել տեղահանվել իրենց հայրենիքից՝ զրկվելով անվտանգությունից և մշակութային ինքնությունից։ 

Բացի այս, Միությունն իր նամակում մատնանշում է, որ այժմ հայ ժողովուրդը հայկական քրիստոնեական ժառանգության՝ ներառյալ հսկայական պատմական և հոգևոր նշանակություն կրող եկեղեցիների, վանական համալիրների, հուշարձանների ոչնչացման ականատես է լինում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում