Երևան

Շինհրապարակներում պետք է լինեն օդի որակի մոնիթորինգի սարքեր․ քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

3 րոպեի ընթերցում

Շինհրապարակներում պետք է լինեն օդի որակի մոնիթորինգի սարքեր․ քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է իրականացնում շինհրապարակներում՝ խոշորացույցի տակ պահելով օդի աղտոտվածության հարցը։ Շինհրապարակները պարտադիր պետք է կահավորված լինեն համապատասխան սարքավորումներով ու  ունենան անհրաժեշտ բոլոր միջոցները օդի վրա փոշու ազդեցությունը նվազեցնելու համար։ Եթե կարգով սահմանված պահանջները չեն կատարվում, ապա տուգանքը չի ուշանում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը նշեց, որ այս տարվա ընթացքում վարչական արձանագրությունների դեպքերը քիչ չեն։ 

«Հունվար-հունիս ամիսներին կազմվել է վարչական իրավախախտումների 534 արձանագրություն։ Դրանից 147-ը փոշեկլանիչ ցանցերի բացակայութան հիմքով է եղել, մյուս դեպքերը կապված են եղել օդի մոնիթորինգի սարքի բացակայության հետ։  Կարող ենք ասել, որ գրեթե բոլոր կառուցապատողների նկատմամբ վարչարարություն կիրառվել է»,-ասաց Ռուբեն Խոջոյանը։ 

Մեծ արժեքով կառուցապատման ծրագիր իրականացնող տնտեսվարողների համար տուգանքի չափը մեծ չէ։ Պատասխանատվությունը 70-100 հազար դրամի չափով է։ Ռուբեն Խոջոյանը նշեց, որ հարցը տուգանելը չէ, խնդիր է դրված, որ կառուցապատողներն ապահովեն կարգով սահմանված բոլոր պահանջները։ Ի դեպ, կան դեպքեր, երբ տնտեսվարողները կրկնակի են տուգանվում։ Նման դեպքերը քիչ չեն։ 

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ կառուցապատողները պետք է տեղադրեն օդի որակի մոնիթորինգի սարքեր, որոնք օնլայն ռեժիմով տեղեկություն են փոխանցելու օդում փոշու տարբեր ֆրակցիաների մակարդակի վերաբերյալ։ Դրանից բացի, շինհրապարակները պետք է ծածկեն հատուկ խտության ցանցով։  

«Մենք ստացել ենք 130 դիմում տարբեր կազմակերպություններից, որոնք Երևանում կառուցապատում են իրականացնում։ Ներկայում տարբեր շինհրապարակներում մոնիթորինգի 60 սարք է տեղադրված։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ 30 կառուցապատողի մոտ համապատասխան կահավորումը կա, քանի որ յուրաքանչյուր կառուցապատող պետք է 2 սարք տեղադրի։ Ասեմ, որ այդ սարքերից ստացված տվյալները ստանում ենք մենք, բայց դրանք բաց են, հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու համար։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում այդ տվյալները կան, ցանկացողները կարող են մուտք գործել և ծանոթանալ»,-ասաց Գորիկ Ավետիսյանը։ 

Գորիկ Ավետիսյանը նշեց, որ ըստ դիտարկումների, վերջին շրջանում շինհրապարակներում օդի աղտոտվածության ցուցանիշները բավարար միջակայքում են, հազվադեպ լինում են գերազանցումներ, այդ դեպքում քաղաքապետարանն արձագանքում է՝ կիրառելով օրենքով սահմանված միջոցներ։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում