Մարզեր

Հուլիսի վերջի տեղումները լուրջ վնասներ են հասցրել Ճամբարակի ենթակառուցվածքներին և տնտեսություններին

2 րոպեի ընթերցում

Հուլիսի վերջի տեղումները լուրջ վնասներ են հասցրել Ճամբարակի ենթակառուցվածքներին և տնտեսություններին

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հուլիսի 27-28-ին տեղացած հորդ անձրևները լուրջ վնասներ են պատճառել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ենթակառուցվածքներին և տնտեսություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը, վնասվել են Վահան գյուղը սնուցող գազատարը, Գարեգին Նժդեհ փողոցի կամուրջը, Տիգրան Մեծ փողոցի բազմաբնակարան շենքի տանիքը և բնակարանները, բանջարաբոստանային ու հացահատիկային մշակաբույսերի ցանքերը, բնական խոտհարքները, քանդվել են ճանապարհներ, Ճամբարակ  քաղաքի մուտքի մոտ գտնվող հենապատը,  հեղեղվել բնակարանների նկուղները։

«Տիգրան Մեծ փողոցի բազմաբնակարան շենքի տանիքը պետք է հիմնանորոգվեր սուբվենցիոն ծրագրով, այդ պատճառով շինարարներն ամբողջությամբ քանդել են տանիքը՝ հիմնանորոգման աշխատանքները սկսելու նպատակով։ Սակայն տեղացած հորդ անձրևներից առաջացած ջրերը ողողել են բոլոր բնակարանները, հասել մինչև նկուղային հարկ՝ զգալի վնասներ պատճառելով 40 բնակարաններում ապրող ընտանիքներին։ Գարեգին Նժդեհ փողոցի կամուրջը դարձել է վթարային ու կորցրել շահագործման հետագա պիտանիությունը։ Երկու օր է, ինչ դադարել է Վահան գյուղի գազամատակարարումը, որի վերականգնման համար տարվում են համապատասխան աշխատանքներ։ Կիրակի օրը Աղետի հասցրած վնասները դիտարկելու նպատակով Ճամբարակում են գտնվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության աշխատակիցները։ Ճամբարակի համայնքապետարանում ստեղծված հանձնաժողովի հետ աղետի պատճառած վնասների գույքագրում են իրականացնում   Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության համապատասխան հանձնաժողովները։ Բնական աղետի պատճառած վնասների չափերը ճշտվում են»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում