Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիկոսիա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության օրակարգի և տարածաշրջանային հարցերի։ 

ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի նախագահն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու և շոշափելի արդյունքների շարունակականությունն ապահովելու հարցում Երևանում ու Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք կայացված որոշման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության խթանման ուղղությամբ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու պատրաստակամությունը։

Ընդգծվել է ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում երկու երկրների սերտ համագործակցության նշանակությունը՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներում։

Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի համապարփակ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ համատեղ ջանքերին։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության ճանաչմամբ խաղաղության պայմանագրի կնքման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման շարունակականության ապահովման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել առավել լայն տարածաշրջանային նշանակություն ունեցող «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությանը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում