Իրավունք

Զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը. նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

ԵՐԵՎԱՆ,30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն  Կարապետյանի սպանության  մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը:

Մասնավորապես, պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին ժամը 04:30- 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն. Խ.-ի հասցեին:

Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն  ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն  Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ն. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում