Աշխարհ

Վենեսուելայում ընտրությունների արդյունքները բողոքարկող ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայում ընտրությունների արդյունքները բողոքարկող ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վենեսուելայի նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի հայտարարումից հետո հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կարակասում՝ նախագահական պալատի մոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են արձակել։ 

Ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծ են, և պնդում է, որ ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը ստացել է ձայների 73,2 %-ը։ Էքզիթ փոլերի արդյունքները նույնպես ցույց են տվել, որ հաղթանակ է տարել Գոնսալեսը։ 

Կարակասի փողոցներում մեծ թվով զինվորականներ և ոստիկաններ են տեղակայվել, ինչպես նաև ջրցան մեքենաներ՝ թույլ չտալու ցուցարարներին մոտենալ նախագահական պալատին։ 

Ցուցարարներն անվադողեր, աղբ և մեքենաներ են այրել։ Իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ դատախազության՝ 32 մարդ ձերբակալվել է։ 

Լատինական Ամերիկայի ինը երկրների (Արգենտինա, Կոստա Ռիկա, Էկվադոր, Գվատեմալա, Պանամա, Պարագվայ, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն և Ուրուգվայ) կառավարություններ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Վենեսուելայում նախագահական ընտրությունների ընթացքի առնչությամբ և կոչ են արել վերանայել դրանց արդյունքներն անկախ դիտորդների ներկայությամբ։ Երկրները նաև Ամերիկյան պետությունների կազմակերպության մշտական խորհրդի նիստ են հրավիրել, որը տեղի կունենա հուլիսի 31-ին։

Ի պատասխան՝ Կարակասը հետ է կանչել իր դիվանագիտական ​​առաքելությունների բոլոր աշխատակիցներին յոթ երկրներից՝ Արգենտինայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Կոստա Ռիկայից, Պանամայից, Պերուից, Ուրուգվայից և Չիլիից։ Վենեսուելայի արտգործնախարարությունը լատինաամերիկյան երկրների հայտարարությունն անվանել է միջամտություն Վենեսուելայի ներքին գործերին։

Ըստ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովի՝ Նիկոլաս Մադուրոն հավաքել է ձայների 51 %-ը՝ երրորդ ժամկետով դառնալով երկրի նախագահ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում