Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով Կիպրոսում է,  մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը համաժողովին մասնակցել է Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հրավերով։ Միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև Կիպրոսի ԱԳՆ-ի ղեկավար կազմը։ 

Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջինն է իր ձևաչափով։ Արարատ Միրզոյանն ընդգծել է. «Կիպրոսի հետ մենք վայելում ենք գերազանց հարաբերություններ և կարող ենք առանց կասկածի արձանագրել, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում արդեն հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Արտասովոր է համագործակցության դինամիկան և միմյանց դիրքորոշումների խորը ըմբռնումը։ Իմ գործընկեր նախարար Կոմբոսի հետ մենք պայմանավորվել ենք լրացուցիչ խթանել համագործակցությունը, և Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում։ Կարծում եմ, որ դա նոր հնարավորություններ կտա շարունակել համադրել ջանքերը և ընդլայնել համագործակցության շրջանակները»:

Հաջորդիվ նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ժողովրդավարական բարեփոխումները, միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Արարատ Միրզոյանը մատնանշել է նաև առկա  մարտահրավերները, որոնք կրում են նաև տարածաշրջանային բնույթ։ Անդրադարձ է կատարվել նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացման ուղղությամբ գործադրվող ջանքերին և կնքման կարևորությանը։ Ներկաների ուշադրությանն է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման միջոցով ընձեռնվելիք հնարավորություններին։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին, վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին ու հեռանկարներին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Կիպրոսի փոխգործակցության հարցերի շուրջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում