Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրով քաղաքաշինության բնագավառում համագործակցության առանցքային ուղղությունները։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Հայաստանում ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ կողմերը կարևորել են քաղաքաշինական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցությունը։ Այդ համատեքստում մեծ խթան է օտարերկրյա կազմակերպություններին Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգը։ Եղիազար Վարդանյանը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունն աջակցելու Իրանի գործընկերներին ՀՀ քաղաքաշինական նորմերի, առաջիկա մրցույթների, պիլոտային ծրագրերի մասին տեղեկատվության տրամադրման հարցում։

Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է, որ, Հայաստանի հետ ոլորտային համագործակցությունը դիտարկելով երկարաժամկետ կտրվածքով և կարևորելով բարի համբավի պահպանումը, պատրաստ է երաշխավորել իրանական առաջատար ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա։

Նշվում է, որ որպես գործակցության ուղղություն առանձնացվել է Իրանում և Հայաստանում կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն ու մասնավոր հատվածի ներգրավումը։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և կազմակերպել հուշագրի ստորագրումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում