Եվրոպա

Իր վերընտրման շուրջ քվեարկությունից առաջ ֆոն դեր Լայենը խոստացել է պայքարել ուժեղ Եվրոպայի համար

2 րոպեի ընթերցում

Իր վերընտրման շուրջ քվեարկությունից առաջ ֆոն դեր Լայենը խոստացել է պայքարել ուժեղ Եվրոպայի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է ուժեղ առաջնորդ լինել Եվրոպայի համար ճգնաժամի և բևեռացման ներկայիս ժամանակաշրջանում՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, որտեղ պատգամավորները քվեարկելու են նրան երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրելու շուրջ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France24 պարբերականը հաղորդում է, որ ընտրվելու համար ֆոն դեր Լայենը 720-տեղանոց խորհրդարանում պետք է ստանա առնվազն 361 ձայն։ 

Հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերը լուրջ նվաճումներ են գրանցել։ 

«Ես երբեք թույլ չեմ տա, որ մեր հասարակությունների ծայրահեղ բևեռացումն ընդունվի։ Ես երբեք չեմ ընդունի այն, որ դեմագոգներն ու ծայրահեղականները ոչնչացնում են մեր եվրոպական ապրելակերպը։ Եվ ես այսօր կանգնած եմ այստեղ՝ պատրաստ ղեկավարելու պայքարը այս դահլիճում գտնվող բոլոր դեմոկրատական ​​ուժերի հետ», - ասել է ֆոն դեր Լայենը:

Իր ելույթում Եվրահանձնաժողովի նախագահը նաև խոստացել է ուժեղացնել ԵՄ տնտեսությունը, ոստիկանության և սահմանապահների վարչությունները, զսպել միգրացիան, կլիմայի փոփոխությունը։ 

Ֆոն դեր Լայենը, որը նախկինում եղել է Գերմանիայի պաշտպանության նախարար, խոստացել է ստեղծել «իսկական եվրոպական պաշտպանական միություն»՝ կենտրոնանալով հակաօդային պաշտպանության և կիբեռպաշտպանության վրա։ 

Վերջին հինգ տարիներին Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-ն տարել է մի քանի ճգնաժամերի միջով, այդ թվում՝ բրեքսիթի (Բրիտանիայի ելքը ԵՄ-ից), COVID-19-ի համավարակի և Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների։ 

Նրա վերընտրվելու շուրջ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 18-ին ավելի ուշ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում