ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, առաջին երեք օրերին անցկացվել են «Կողմնորոշում», «Քառամարտ» և հրաձգություն՝ «ԱԿ-103 ինքնաձիգից» ու «Դիպուկահար հրացանից» մրցաձևերը:
Ըստ աղբյուրի՝ մասնակից 18 թիմերում ակտիվորեն ներգրավված են կին զինծառայողները: Մասնակիցների ելույթներն արձանագրում է բոլոր կառույցների սպայակազմից ձևավորված հանձնաժողովը:
Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խաղերին մասնակցող թիմերի քանակը կրկնապատկվել է:
ՀՀ ՊՆ տեղեկացմամբ՝ մրցումները կշարունակվեն հաջորդ օրերին, և հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 7-ին՝ բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Լավագույն թիմերն ու անհատական անվանակարգերում գերազանց ելույթներ ունեցած մասնակիցները կարժանանան գավաթների և խրախուսական պարգևների: