Թուրքիա

Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հուլիսի 4-ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների 24-րդ գագաթնաժողովի շրջանակներում  Աստանայում հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների վիճակը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը, Թել Ավիվի Լիբանանի միջև առկա տարաձայնությունները, տարածաշրջանային ու միջազգային այլ  խնդիրներ։

Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը, առաջին հերթին իսլամական աշխարհի երկրներին, անհապաղ քայլեր ձեռնարկել և միավորել ուժերը՝ կանխելու նման զարգացումները և կանգնեցնելու Իսրայելին։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջոցառումների ակտիվացման և տարածաշրջան մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է մեծացնել իր ջանքերն այս ուղղությամբ։

 Էրդողանը հուլիսի 4-ին հանդիպել է նաև  Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

Թուրքիայի և Չինաստանի նախագահների հանդիպումը փակ է եղել մամուլի համար։

Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում