Իրավունք

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

2 րոպեի ընթերցում

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով հուլիսի 1-ից ՀՀ ՆԳՆ Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հուլիսի 1-ին Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության անձնակազմերին է հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության ղեկավար կազմը։

«Անփորձանք ծառայություն մաղթելով պարեկներին ու փրկարարներին՝ Վահե Ղազարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ պատահարների, հանցագործությունների, իրավախախտումների դեպքերը կանխարգելելու, դրանք կանխելու միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ։

Նա հորդորել է ջրային պարեկ-փրկարար համագործակցված ու հետևողական ծառայությամբ առավելագույնս ջանք գործադրել հանգստացողների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իսկ իրավախախտների նկատմամբ լինել անհանդուրժող:

Վահե Ղազարյանը տեղում ծանոթացել է ծառայության տեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ջրային պարեկները ծառայություն են իրականացնելու նաև Սևանա լճի հարակից ճանապարհներին՝ ուշադրության կենտրոնում պահելով իրավախախտում կատարած վարորդներին, իսկ ոչ սթափ վարորդների նկատմամբ կկիրառվի խիստ պատժամիջոց:

Նշվում է, որ Սևանա լճում իրենց հանգիստն անցկացնել նախընտրող քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ՆԳ նախարարությունը հորդորում է լինել օրինապահ, պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում