Տնտեսություն

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

4 րոպեի ընթերցում

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերս հաճախակի ենք հանգստի կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով այցելում Վրաստան, մինչդեռ Հայաստանը դեռևս զբոսաշրջային գրավիչ ուղղություն չէ վրացիների համար: Իրավիճակը փոխելու արդյունավետ միջոց կարող է լինել հարևան երկրի պատմության, մշակույթի, խոհանոցի և զբոսաշրջային հնարավորությունների մասին մարդկանց իրազեկվածության մեծացումը: Այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և հայ գործընկերների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանում հայ-վրացական զբոսաշրջային գործարար համաժողովին մասնակցած Discover Georgia զբոսաշրջային ընկերության տնօրեն Նինա Կեկելիձեն: 

- Որքանո՞վ էր արդյունավետ այս համաժողովը:

- Այս տարի երկրորդ անգամ ենք նման միջոցառման մասնակցում Հայաստանում: Շատ հետաքրքիր է քննարկել զբոսաշրջության ոլորտում մեր երկրների համագործակցության հեռանկարները: Կարծում եմ՝ Երևանում և Դիլիջանում անցկացրած երեք օրերը շատ արդյունավետ էին փոխգործակցության մանրամասների քննարկման առումով: Թերևս, համատեղ փաթեթների մշակումը կարող է հրապուրել այլ երկրների զբոսաշրջիկներին և դրական անդրադառնալ ոլորտի զարգացմանը: Շատ կարևոր է, որ առանձնացրեցինք և համակարգեցինք առկա բոլոր խնդիրները՝ կապված զբոսավարների աշխատանքի, զբոսաշրջիկների տեղափոխության, հյուրանոցների և այլնի հետ: Այդ խնդիրների լուծումը թույլ կտա մշակել և գովազդել հետաքրքիր առաջարկներ: Անչափ շնորհակալ ենք այս ծրագրի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ արդյունավետ քննարկումների հնարավորություն ապահովելու համար:

- Հաջողվե՞ց պայմանավորվածություններ ձեռք բերել:

- Մինչև այդ արդեն ունեինք պայմանագրեր, իրականացվում էին զբոսաշրջիկների համադրված այցելություններ Հայաստան և Վրաստան: Այս տարի գործընթացին ներգրավել ենք նոր տուրօպերատորների, ուստի կլինեն նոր պայմանագրեր, զբոսաշրջային փաթեթներ և կսկսենք միասին աշխատել:

Նախատեսում ենք պայմանագիր ստորագրել մեկ տուրօպերատորի հետ, որը սեպտեմբերին համերգներ է կազմակերպելու Երևանում: Ցանկանում ենք Վրաստանից շատ զբոսաշրջիկներ բերել համերգին: Հայրենիք վերադառնալուց հետո այդ ամենը պաշտոնապես կձևակերպենք:

- Հայաստանը զբոսաշրջության հրապուրիչ ուղղությո՞ւն է Վրաստանի բնակիչների համար:

- Ցավոք, վրացիները հաճախակի չեն այցելում Հայաստան: Մեր նպատակն է նրանց տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է, ունի հետաքրքիր և գրավիչ վայրեր, հիանալի պատմություն, մշակույթ, խոհանոց: Այդ ամենը կնպաստի Հայաստանի նկատմամբ վրացի զբոսաշրջիկների հետաքրքրության աճին և այցելությունների քանակի ավելացմանը:

- Կարո՞ղ եք առանձնացնել Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության զարգացմանը խանգարող գլխավոր խնդիրները:

- Գլխավորը ծառայությունների որակի հարցն է՝ մարդկանց տեղափոխության կազմակերպումը, ենթակառուցվածքները, սպասարկումը: Պետք է հարմարավետ պայմաններ ստեղծվեն զբոսաշրջիկների համար, որպեսզի չառաջանան խնդրահարույց հարցեր և թյուրիմացություններ: Հենց այդ նպատակով ենք քննարկում համագործակցության բոլոր մանրամասները:

Մեկ օրինակ բերեմ. մեր նախորդ հանդիպման ժամանակ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները դեռևս չունեին երկու երկրների սահմանը ID քարտի ներկայացմամբ հատելու հնարավորություն: Դա ներդրվեց համաժողովից հետո: Այս տարի արդեն քննարկում ենք զբոսաշրջային հոսքերն ավելացնելու և սպասարկման որակը բարելավելու հարցեր, այլ խնդիրներ: Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի հետ համատեղ կաշխատենք այդ նախագծերն իրականացնելու ուղղությամբ:

Հրայր Նազարյան

Ինչպե՞ս պահպանել ձեռքերի հիգիենան․ մանրամասնում է համաճարակաբանը

Հայաստան

Ինչպե՞ս պահպանել ձեռքերի հիգիենան․ մանրամասնում է համաճարակաբանը

Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել․ Գլենդելի քաղաքապետ

Քաղաքականություն

Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել․ Գլենդելի քաղաքապետ

Եվրոպական ինդեքսներ - 02/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 02/07/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 02/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 02/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 02/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 02/07/24

Նավթի գները նվազել են - 02/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 02/07/24

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Հայաստան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Արտաքին քաղաքականություն

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

Անոնս

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում