Վրաստան

ԵՄ-ն կարող է դադարեցնել շենգենյան այցագրերի տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կարող է դադարեցնել շենգենյան այցագրերի տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կարող է դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին և վերանայել այդ երկրում եվրոպական հիմնադրամների աշխատանքը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Քննարկում է լինելու Վրաստանի համար նախատեսված տարբեր հիմնադրամներին աջակցելու շուրջ, լինելու է բարձրաստիճան պաշտոնյաներին շենգենյան այցագրերի տրամադրման արգելքի քննարկում», - Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստի նախաշեմին արած Ցահկնայի մեկնաբանություններն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Էստոնիայի արտգործնախարարի խոսքով՝ ԵՄ-ն կքննարկի սահմանափակող միջոցները «մի շարք ոլորտներում»։

Վրաստանը 2023 թվականին պաշտոնապես դարձել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու։ Երկրում հունիսի սկզբին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը մեծ քննադատության է արժանացել ԵՄ-ում և ԱՄՆ-ում, ինչպես նաև ուղեկցվել է բազմահազարանոց ցույցերով երկրի ներսում։ Օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։

Արևմտյան քաղաքական գործիչները հայտարարել են, որ այս օրենքը հակասում է եվրոպական սկզբունքներին ու արժեքներին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունիսի 24-ին հայտարարել է, որ Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի համար, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս ուղեգիծը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում