Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը կոչ է անում միջազգային հանրությանը ընդունել ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և տեղային բոլոր այլ ջարդերի, կոտորածների կամ տեղահանումների համար Ադրբեջան պետությունը միջազգայնորեն ենթարկվեր համապատասխան պատասխանտվության, ապա տեղի չէր ունենա Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումը։
-Պարո՛ն Գաբրիելյան, հունիսի 20-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես փախստականների միջազգային օր։ Ինչպիսի՞ն է օրվա խորհուրդը Ձեզ համար։
-Փախստականության երևույթը ուղեկցել է մարդկությանն իր պատմական զարգացման բոլոր փուլերում։ Այն հետևանք է պատերազմական իրավիճակների, էթնիկ և ռասայական խտրականության դրսևորումների, կամ առհասարակ մարդկային որոշակի խմբի բնականոն կենսագործունեության կազմակերպման անհնարինության։ ՀՀ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը հետևյալ կերպ է սահմանում փախստական երևույթը․ «այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից»։ Նման ձևակերպումն արդեն իսկ վկայությունն է այն բանի, որ, չնայած միջազգային իրավունքի բազմակողմանի զարգացմանը և քաղաքակրթական մարդասիրական ձեռքբերումներին, մարդու` որպես բացարձակ արժեքի սահմանմանը, առաջադեմ մարդկությունն ի զորու չի եղել հասնել ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական խտրականության և քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու երևույթի բացառմանը։ Հետևապես, 2000 թվականից ի վեր հունիսի 20-ը նշելով որպես փախստականության օր, ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը փորձում են իրենց ուշադրությունը կենտրոնացնել հանցածին երևույթների վրա, որոնք հանգեցնում են մարդու բնական իրավունքների ոտնահարմանը։ Մեզ՝ փախստականներիս համար այս օրն ունի մեր ոտնահարված իրավունքների և դրանց արդարացի վերականգնման համար պայքարի բովանդակություն։
-Վերջին մի քանի տասնամյակների տարածաշրջանային քաղաքական զարգացումները հանգեցրել են հայ փախստականության մի քանի ալիքների առաջացմանը։ Որքանո՞վ են այդ գործընթացները համեմատելի։
-1980-ական թթ․ վերջից տարածաշրջանի հայությանը վիճակվեց ապրել իր բազմադարյա պատմության ամենադաժան դրվագներից մեկը՝ ցեղասպանական դրվագներով ուղեկցված բռնի տեղահանումը՝ մարդու և քաղաքացու անօտարելի իրավունքների արմատական ոտնահարմամբ, որի հետևանքով ողջ պատմական Գարդմանը, Շիրվանը, Նախիջևանը ամբողջությամբ հայաթափվեցին։ Սա պատմական տեսակետից աննախադեպ իրողություն էր, երբ օրինակ հայկական Նախիջևանը, որի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը էժան քաղաքական առուծախի հետևանք էր, պատմության մեջ առաջին անգամ մնաց առանց նրանց ներկայության, ովքեր հազարամյակներ շարունակ ստեղծել էին նմանը չունեցող ազգային-քրիստոնեական մշակույթ։ Ճիշտ նույն կերպ աննախադեպ երևույթ է այն, որ այսօր Լեռնային Ղարաբաղն իր հազարամյա հայկականությամբ վերածվել է ադրբեջանական ջարդարարության կիզակետի։ Արդո՞ք համեմատելի չեն այս գործընթացները։ Դրանք ոչ միայն համեմատելի են, այլև նույնական այն բացառությամբ, որ եթե օրինակ Նախիջևանում հայությունը անցյալի քաղաքականության հետևանքով արդեն իսկ մեծամասնություն չէր կազմում, Լեռնային Ղարաբաղի հայությունը պատմականորեն կազմել է բացարձակ մեծամասնություն։ Այստեղ մենք բախվում ենք փոքրամասնության զտումից մեծամասնության զտում երեսնամյա զարգացմանը։
-Փաստորեն անցյալ դարի վերջից սկսած մինչև մեր օրեր մենք ականատեսն ենք Ադրբեջանի՝ հայատյացության վրա հիմնված քաղաքականությանը։ Որտե՞ղ փնտրել այդ քաղաքականության կամ դրա հաջողության պատճառները։
-Այո՛, այդ քաղաքականությունը չի կարելի բնորոշել այլ կերպ, քան Հայատյացություն գործողության մեջ։ Իսկ հայատյացությունն ինքնին ենթադրում է էթնիկ և ռասայական խտրականություն և անհանդուրժողականություն, որը միջազգայնորեն դատապարտելի երևույթ է։ Ուստի հայ փախստականությունն ունի առնվազն երկու ակունք՝ ադրբեջանական ազգայնականությունը և միջազգային հանրության լռությունը կամ անբավարար արձագանքը։ Շատ բան հարկավոր չէ հասկանալու համար, որ եթե 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և տեղային բոլոր այլ ջարդերի, կոտորածների կամ տեղահանումների համար Ադրբեջան պետությունը միջազգայնորեն ենթարկվեր համապատասխան պատասխանտվության, ապա տեղի չէր ունենա Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումը։ Սակայն ամենասարսափելին այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հումանիտար, քաղաքական, հոգևոր, ֆիզիկական վանդալիզմ իրականացնելուց հետո էլ Ադրբեջանը չարժանացավ անհրաժեշտ պատասխանատվության, ինչն այսօր փաստացի հնարավորություն է տալիս Արբեջանին հռետորական ձեռնածություններով մերժել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքի իրացումը, ինչպես տասնամյակներով մերժել է ապահովել Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթածների իրավունքները։ Փախստականության խնդրի լուծումը բացառապես գտնվում է պատժի և պատասխանատվության միջազգային ճկուն և անաչառ մեխանիզմի ստեղծման և թիրախային գործարկման մեջ։
- Դուք՝ որպես «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, նկատելիորեն ակտիվ եք հայ փախստականների իրավունքների համար պայքարում, ի՞նչ գործողություններ կարող եք մատնանշել, որոնք կհանգեցնեն կամ կնպաստեն հայ փախստականության խնդրի կարգավորմանը։
- «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր ստեղծման օրվանից փախստականության խնդրի միջազգային հանրայնացումը հռչակել է որպես գերագույն նպատակ, որի շուրջ կառուցվում է մեր միության քաղաքականությունը։ Երկար տասնամյակներ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությունը մեծ զրկանքներ է կրել՝ առանց իր խնդիրների հասցեական և թիրախային հասցեագրման։ Վերջիններիս խնդրի միջազգայնացումը կարող է էապես նպաստել գործընթացի ակտիվացմանը։ Սակայն հարկ է նշել, որ խնդիրը միայն մարդկանց տեղահանման երևույթով չի սահմանափակվում։ Մշակութային ժառանգության պահպանության խնդիրը ևս ածանցվում է փախստականության խնդրին, քանի որ հայկական մշակութային միջավայրն առանց հայության ներկայության ադրբջանական իշխանության տակ ենթարկվում է միայն մեկ ճակատագրի՝ ոչնչացման։ Այս առումով դարձյալ միջազգային հանրությունը անզոր է գտնվել կանխարգելիչ միջոցների դիմել կամ գոնե պատշաճ կերպով արձանագրել։ Մենք կարևորում ենք այս և նմանատիպ այլ խնդիրների բարձրաձայնումը՝ որպես մեր իրավունքների ամբողջական վերականգնման բաղկացուցիչ մաս և հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը: