Տնտեսություն

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին դիմել է շուրջ 10 հազար շահառու

4 րոպեի ընթերցում

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին դիմել է շուրջ 10 հազար շահառու

ԵՐԵՎԱՆ,20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը շուրջ 600 միլիոն դրամ հատկացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի հայտերի վճարումները ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։  

Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թվականների ծրագիրը։  

«2023 թվականին ծրագիրը ամփոփելուց, գնահատելուց և ծրագրի արդյունավետությունը հասկանալուց հետո որոշում կայացրեցինք, որ ծրագիրը պետք է շարունակենք և 2024 թվականի մարտին երկարաձգեցինք ծրագիրը մինչև 2026 թվականը՝ այն դարձնելով ավելի թիրախային»,- ընդգծեց Մկրտչյանը։ 

Նա նշեց, որ ծրագրին դիմելիության բարձր մակարդակը վերջին երկու տարիներին պահպանվել է, և գրեթե ամեն եռամսյակին կառավարության որոշումներով գումար է հատկացվում այս ծրագրին։ 

«Ծրագրի շրջանակում 2023 թվականին աջակցություն է ստացել 827 շահառու և վճարվել է շուրջ 552 միլիոն դրամ, իսկ ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ և վճարվել է շուրջ 7 միլիարդ դրամ գումար։ 

2024 թվականից գործող նոր կարգով ստացել ենք 651 դիմում, որոնցից 351-ի հայտը հաստատվել է։ Ներկայում հաստատվել է և վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, որի համար պետք է վճարվի 260 միլիոն դրամ, ևս 300 հայտ գտնվում է մշակման փուլում։ Եվ մենք այս նախագծով առաջարկում ենք հաստատված հայտերի վճարումներն ապահովելու, ինչպես նաև երրորդ եռամսյակում կանխատեսվող հայտերը բավարարելու նպատակով տրամադրել շուրջ 600 միլիոն դրամ»,-եզրափակեց Մկրտչյանը։   

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։ 

Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։

Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ 

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում