Կրթություն

ԱԶԲ-ի ֆինանսավորած «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակում կառուցվել է 16 դպրոց, 20-ը՝ շինարարության, 10-ը նախագծման փուլում է

3 րոպեի ընթերցում

ԱԶԲ-ի ֆինանսավորած «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակում կառուցվել է 16 դպրոց, 20-ը՝ շինարարության, 10-ը նախագծման փուլում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հունիսի 19-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակում սեյսմակայուն դպրոցաշինության հեռանկարները:

Ողջունելով հյուրերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից դպրոցաշինության ոլորտում սահմանված հավակնոտ թիրախներին, մասնավորապես, 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման ուղղությամբ, և այս համատեքստում կարևորել ԱԶԲ-ի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը», որը կարևոր  աջակցություն է հանրակրթության համակարգի համար: 

«Ակնկալում ենք, որ մեր դպրոցները կունենան այնպիսի միջավայր ու ենթակառուցվածքներ, որոնք ոչ միայն կապահովեն բարենպաստ և ժամանակակից ուսումնական պայմաններ՝ արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու տեսանկյունից, այլև կապահովեն անվտանգային բարձր չափանիշներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է, որ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աջակցությունը: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ԱԶԲ-ի «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը» համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:

Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 16 դպրոցի կառուցման աշխատանքները: Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ, 10 դպրոց գտնվում է նախագծային աշխատանքների իրականացման տարբեր փուլերում:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև էկո համակարգի և կլիմայի փոփոխության  կրթությունը, որն իրականացվում է նաև հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում: 

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում