Տնտեսություն

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը

2 րոպեի ընթերցում

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ամենախոշոր ՏՏ ընկերությունը՝ «ՍոֆթԿոնստրակտը» հյուրընկալել է Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրիի գլխավորած պատվիրակությանը։ 

Մալթացի բարձրաստիճան հյուրի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը և Վահագն Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, «Ֆասթ Բանկի» գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի և այլք։ Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, ինչպես նաև «Ucraft»-ի, «Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին։ 

Այցի ընթացքում նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ»  ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության և մետատիրույթի գործիքակազմի մշակման և բազմաթիվ այլ ուղղություններով։ Անդրադարձ է եղել Fastex էկոհամակարգին և այդ շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։

Նախարար Սիլվիո Շկեմբրին նշել է, որ Մալթայում տեսախաղերի զարգացման ռազմավարությունը պետական մակարդակով վաղուց է գործում և զուգորդվում է ոլորտին վերաբերող կրթական ծրագրերով: Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումները հիմք կդառնան գործնական կապերի համար։ Սիլվիո Շկեմբրիի շրջայցը եզրափակվել է ՏՏ ոլորտի զարգացման և կիբերանվտանգության մասին քննարկումներով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում