Իսրայելում ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի նստավայր, կան վիրավորներ և ձերբակալվածներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ հազարավոր ցուցարարներ հունիսի 17-ի երեկոյան հավաքվել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի առջև՝ կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ համաձայնության հասնել Գազայում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times of Israel-ը հաղորդում է, որ իրավապահների հետ բախումների ժամանակ 3 մարդ վիրավորվել է։
לא להאמין שזה קורה שוב:
— Nava Rozolyo נאווה רוזוליו (@rozolyo) June 17, 2024
רופאה מתנדבת שלבשה וסט של אנשי צוות רפואי בהפגנה מול מעון נתניהו ברחוב עזה - הוטחה לכביש בחוזקה עקב פגיעה בכינון ישיר ממכת״זית, ונפגעה בעינה עם חשש לפגיעה בראיה!
היא מועברת כעת לקבלת טיפול רפואי בשיבא.
נגיד זאת שוב: מכת״זית היא פשוט כלי נשק, ואסור להפעיל… pic.twitter.com/9XVd2uwb8a
Ավելի ուշ ցուցարարներից շատերը շարժվել են դեպի Արևելյան Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր։ Նրանցից մի քանիսը փորձել են անցնել իրավապահների կանգնեցրած ցանկապատների վրայով և ներխուժել Նեթանյահուի նստավայր։ Ոստիկանության հաղորդմամբ՝ առնվազն 9 մարդ ձերբակալվել է։ Ցուցարարների դեմ կիրառվել է ջրցան մեքենա։
Ցույցի կազմակերպիչները ոստիկանությանը մեղադրել են ավելորդ ուժ կիրառելու մեջ։ Բախումների ընթացքում վիրավորված 3 անձինք հոսպիտալացվել են։
Նեթանյահուն բազմիցս ասել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չպետք է անցկացվեն, քանի դեռ Գազայի հատվածում պատերազմ է ընթացքում։ Իսրայելում հաջորդ համընդհանուր ընտրությունները պետք է կայանան 2026 թ․ հոկտեմբերին։
2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Նրանց մի մասը վերադարձվել էր նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, զոհվել է ավելի քան 37 000 պաղեստինցի։