ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ:
«Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ գրանցելով հաջողություն, որը համահունչ կլինի ԵՄ-ին ավելի մոտենալու ՀՀ քաղաքացիների ձգտումներին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Անդրադարձ է կատարվել գործընկերության առաջնահերթություններին, դրանց հաջող կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության ներքո իրականացված աշխատանքներին, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին այդ ուղղությամբ սպասվող ակնկալիքներին՝ Հունգարիայի նախագահությունից:
Արարատ Միրզոյանը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ տարածաշրջանային թեմաների, խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ: