Իրավունք

Բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ ձերբակալվել է այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ կից ներկայացնելով նաև ձայնագրություն: 

«ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից հիմնականում Երևան քաղաքում, նաև ՀՀ մարզերում անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։

Մասնավորապես՝ ձայնագրությունների մեջ անձինք խոսում կամ քննարկում են այդ ակցիաներին կազմակերպված ձևով մարդկանց մասնակցությունն ապահովելու, այդ նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու, հավաքներին մարդկանց մասնակցության ապահովման համար կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, ՀՀ Ազգային ժողովի «վրա» գնալու, վերջին կռիվը տալու, ինչպես նաև՝ հավաքներին մարդկանց մասնակցության համար հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ։ 

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ձայնագրություններում լսվող խոսակցությունները տեղի են ունեցել 2024թ. մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ՝ կայացած հանդիպումների, այդ թվում նաև՝ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ 

Պարզվել են նաև ինչպես խոսակցությունները վարող, այնպես էլ դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում,ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է 6 քրեական վարույթ։

Դրանցով արդյունավետ և համակողմանի նախաքննություն իրականացնելու նպատակով նշված վարույթները միացվել են, ձևավորվել է քննչական խումբ։ 

Նախաքննության շրջանակներում զննության են ենթարկվել նշված ձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են այլ քննչական, և վարութային գործողություններ, ՀՀ Վայոց Ձորի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում կատարվել և շարունակում են կատարվել խուզարկություններ, որոնց ընթացքում առգրավվել են քննությանը հետաքրքրող իրեր։ 

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով, վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքների կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է 11 անձ։  

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։  

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում