Մարզեր

Բերդկունքը եղել է շատ կարևոր նավահանգիստ

8 րոպեի ընթերցում

Բերդկունքը եղել է շատ կարևոր նավահանգիստ

ԳԱՎԱՌ, 14  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի համանուն բերդ-ամրոցում 2024 թվականի ապրիլից ընթացող պեղումները, որոնք իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և  պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ հնագիտական արշավախմբի կողմից,  հետաքրքիր տեղեկություններ են տալիս հնավայրի պատմական դերի ու նշանակության, դարաշրջանների, քաղաքական-տնտեսական հարաբերությունների մասին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Լուսինե Ալեքսանյանից և արշավախմբի անդամ, հնագետ Լևոն Մկրտչյանից, պեղումներն ընթացել են ամրոցի արևմտյան կողմի հիմքի երկայնքով մեկ, գետնուղում, հյուսիսային կողմի բրգաձև աշտարակի հիմնապատում, միջնաբերդում գտնվող սենյակներում։ Պեղումների արդյունքում պարիսպների ու աշտարակների հիմքերից, միջնաբերդի  սենյակներից մեծ քանակի հող ու թափված քարեր են հեռացվել, բացվել է ժայռեղեն հատակը, որի վրա բարձրացել են պարիսպները և հենապատերը, բացվել են հյուսիսային կողմում գտնվող բրգաձև աշտարակի ժայռակիր հիմքերն ու նրա վրա բարձրացող պատը՝ մոտ 5 մ բարձրությամբ։ Այստեղից հայտնաբերվել է «մոնղոլական» տիպի նետասլաք, ինչը և փաստում է ամրոցի վրա մոնղոլների կողմից ձեռնարկված ռազմական արշավանքի մասին։ Այստեղից գտնվել է նաև  խեցեղեն, որը պատրաստվել է մեր թվարկության 12-13-րդ դարերում։ Թեև բրգաձև աշտարակի ժայռեղեն հատակից վեր բարձրացող կոպտատաշ պատը կիկլոպյան դարաշրջանի ոճի շարվածք է հիշեցնում, սակայն պարսպի արտաքին պատերը, բոլոր ամրությունները կառուցվել ու մեզ են հասել միջնադարից՝ Բագրատունյաց հարստության դարաշրջանից։ 

Բերդկունք.jpg

«Բերդկունքի բերդ-ամրոցն առաջին անգամ պեղվել է անցած դարի 80-ական թվականներին՝  Գագիկ Սարգսյանի կողմից, սակայն, առանձին ուսումնասիրվել է դեռ 60-ական թվականներին՝ Գեդեոն Միքայելյանի կողմից, որը կարծում էր, թե ամրոցը ավելի վաղ է։ Թեպետ պեղումներից գտնվել են վաղ բրոնզի և երկաթի դարին բնորորշ խեցեղեն, այնուամենայնիվ, մեր պեղումների արդյունքում և բացված  հնագիտական իրավիճակներում՝ զարգացած միջնադարից վաղ շերտեր չեն նկատվում։ Այսպիսով՝ բերդ-ամրոցի պահպանված հիմնապատերի ու պարիսպների շարվածքը հիմնականում պահպանվել ու մեզ է հասել Բագրատունյաց դարաշրջանից՝ 9-10-րդ դարերից։ Ամրաշինական այսպիսի կառույցներ մենք ունենք Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիում, Մաղասաբերդում, Պնձահանի բերդում (Ախթալա), Ամբերդում, Լոռի բերդում, երբ Բագրատունի արքաները կամ նրանց ենթակայությամբ իրենց թագավոր հռչակած իշխանները մտածում էին երկրի պաշտպանական կառույցների նորացման ու հզորացման մասին։ Այս բերդ-ամրոցը բացառիկ նշանակություն ունի իր դարաշրջանի կառույցների մեջ՝ հաշվի առնելով նրա անառիկ դիրքը և տեսադաշտից աննկատ մնալու հնարավորությունը։ Նախ, այն երեք կողմից շրջապատված է եղել Սևանա լճի ջրերով, և միայն արևմտյան կողմից է կապված եղել ցամաքին։ Սակայն այդ մեկ կողմն էլ անմատչելի է, քանի որ բերդ-ամրոցը գտնվում է այնպիսի բարձր տեղանքում, որը գործող ճանապարհից անցորդներին սովորական աչքով տեսանելի չէ։ Ամրոցի մուտքը եղել է միայն արևմուտքից, ժայռափոր երկու գետնուղիներով, որոնք եղել են փորված թունելներ՝ մոտ 3-4 մ խորությամբ և մոտ 30 մ երկարությամբ։ Գետնուղիների միջակայքում, գետնի վրա, հստակ երևում է ամրոց բերող  ժայռափոր ճանապարհը։ Փաստորեն, բացի այս գետնուղիները, մնացած կողմերից ամրոց թափանցելը եղել է անհնար։ Բավականին հետաքրքիր բացահայտում ենք արել ամրոցի արևելյան կողմում, որտեղ պահպանված են մեզ առայժմ անհասկանալի շինությունների ավերակներ, սակայն առավել ուշագրավն այստեղ մեր կողմից բացահայտված նավամատույցն է և նրա հարավային կողմում պահպանված կիսավեր աշտարակը, որը գուցե փարոս է ծառայել նավերի համար։ Բերդկունքի արևելյան կողմի ժայռեղեն հրվանդանը կամ ծովածոցը երեք կողմից շրջապատված է ջրերով, որը և ժամանակին նավահանգիստ է ծառայել Սևանա լճում նավարկող նավերի համար։ Հավելեմ, որ այստեղից շատ լավ երևում է Արտանիշի թերակղզին, որի անմատչելի բլուրներից մեկում էլ ճիշտ նման նավահանգիստ է գործել, ու այնտեղ էլ պահպանվել են ամրոցի պարսպապատեր՝ աշտարակներով։ Ի դեպ, երբ բարձրանում ենք նավամատույցի հարավային կողմում տեղադրված փարոս-աշտարակի բարձունքին, այնտեղ մեր տեսադաշտից անհետանում են Բերդկունքի հսկա պարիսպն ու միջնաբերդը։ Սա խոսում է այն մասին, որ միջնադարյան հնարագետ ճարտարապետներն ու վարպետները կարողացել են ամեն գնով քողարկել առանց այն էլ անմատչելի այս կառույցը։  Հստակ երևում է, որ նավամատույցն ամբողջությամբ՝ մոտ 50 մ երկարությամբ ու 2-3 մ լայնությամբ քարապատված ու սալապատված է։ Ու միանշանակ է, որ Բագրատունիների թագավորության, ապա նաև Զաքարյանների իշխանապետության օրոք այս ամրոցը գործել է որպես շատ կարևոր նավահանգիստ, որը կապ է ունեցել նաև Սևանա լճի այլ ափերի բնակավայրերի, բերդ-ամրոցների հետ ու հանդիսացել շատ կարևոր տնտեսական, քաղաքական ու ռազմավարական հանգույց ու ճանապարհ։ Չպետք է անտեսել և այն, որ Բերդկունքը կառուցվել է Միջնադարյան Հայաստանի Ազատ քաղաքի հարևանությամբ, նրա  հյուսիսարևելյան կողմում, որն իր հերթին գտնվել է Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի հանգույցում։ Գուցե՞ այս նավահանգիստը շատ ավելի վաղ դարերում է գործել, քան Բերդկունքի բերդ-ամրոցի կառուցման ժամանակաշրջանում է, առայժմ դժվար է ասել։ Սակայն չենք բացառում, որ հետագա պեղումները ևս կկարողանան հաստատել այդ կարծիքը։ Ամբողջ դժվարությունն այն է, որ հայ մատենագրությունից այս հուշարձանի մասին մեզ գրեթե ոչ մի հավաստի տեղեկություն չի հասել, ու մեզ մնում է հենվել միայն պեղումների արդյունքում ի հայտ եկած փաստերի վրա»,-ներկայացրեց Լևոն Մկրտչյանը։ 

«Պեղումների արդյունքները գոհացուցիչ են նաև այնքանով, որքանով որ դրանք շատ կօգնեն վերականգնող հնագետներին ու ճարտարապետներին՝ հուշարձանն իր նախկին տեսքով վեր բարձրացնելու, գալիք սերունդներին ու ժամանակներին հուսալիորեն պահ տալու համար։ Շատ կարևոր էր այն, որ մենք պեղումների շնորհիվ կարողացանք հասնել ամրոցի պատերի ժայռեղեն հատակին ու փաստել, որ դրանից ցած մշակութային այլ շերտ չկա, և որ միջնաբերդի սենյակներն ինչ տեսք ու կառուցվածք են ունեցել։ Հավելեմ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո, ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով, նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Բերդկունքի բերդ-ամրոցը և այն վերածել Արգելոց-թանգարանի։ Գրեթե մեկուկես ամիս ընթացող պեղումների օրերին մենք բազմաթիվ այցելուներ ունեցանք։ Գեղարքունիքի մարզի շատ դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ ժամանեցին՝ դիտելու այս հուշարձանը, մոտիկից ծանոթանալու պեղումների աշխատանքներին, նրբություններին։ Նրանցից ոմանք անձամբ մասնակցեցին պեղումներին։ Այցելուներ ենք ունենում ոչ միայն Գեղարքունիքի մարզից, Հայաստանի այլ մարզերից, այլ նաև՝ արտերկրից, ովքեր մեծ հետաքրքրությամբ են ծանոթանում Բերդկունքի պատմությանը»,-ներկայացրեց արշավախմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը։ 

Պեղումները Բերդկունքում կընթանան ևս մեկ-երկու շաբաթ։

Խոսրով  Խլղաթյան     

 

 

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում