Ծովակում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1-ին փողոցի 11-րդ փակուղին, արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 3-րդ փողոցում և նրան կից առաջին փողոցի 2-րդ նրբանցքում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Վարդենիսի համայնքապետարանից, Ծովակում սուբվենցիոն 2 ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 39 մլն 875 հազար դրամ, որից 20 մլն 440 հազար դրամը ՀՀ կառավարության, 19 մլն 435 հազար դրամը Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծովակ գյուղի 1-ին փողոցի 11-րդ փակուղու ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 մլն 849 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծովակի 1-ին փողոցի 11-րդ փակուղին ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է՝ 257, 5 գծամետր երկարությամբ և 1559,5 քմ մակերեսով։ Նույն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է նաև արարողությունների սրահի բակը՝ 600 քմ մակերեսով։ Իրականացվել է ջրահեռացման առուների մասնակի տեղադրում, ճանապարհի կահավորում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի վերջերին և ավարտվել դեկտեմբերին։ Աշխատանքներն իրականացրել է «Եվա-Շին» ՍՊԸ-ն։
Ծովակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 մլն 20 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի նոյեմբերին և ավարտվել տարեվերջին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծովակի 3-րդ փողոցում և նրան կից առաջին փողոցի 2-րդ նրբանցքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 900 մ երկարությամբ՝ ԼԵԴ համակարգով աշխատող 25 լուսատուի տեղադրմամբ։ Վերոնշյալ փողոցների բնակիչները հիմնանորոգված ճանապարհից ու կառուցված արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
Խոսրով Խլղաթյան