Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

2 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 26-ին ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, այլք: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է Իտալիայից ժամանած գործընկերներին, շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը շարունակական քայլեր է ձեռնարկում միջազգային իրավական համագործակցության զարգացման և այդ նպատակով օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության ուղիներն ընդլայնելու հարցում: «Այս առումով մենք կարևորում ենք Իտալիայի հետ վստահության վրա հիմնված կայուն համագործակցությունը, և մեր ջանքերն ուղղված են հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության խորացմանը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը՝ հավելելով, որ Մաուրիցիո Բլոկի և նրա ղեկավարած պատվիրակության այցը վերջին երկու տարիների ընթացքում Իտալիայի դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչների թվով երրորդ այցն է Հայաստան:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են երկու երկրների դատախազական համակարգերի կառուցվածքներին, լիազորությունների շրջանակին, ընթացող բարեփոխումներին և քրեական արդարադատության ոլորտում դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում