ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց՝ պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, միջգերատեսչական միջոցառումների կազմակերպումը՝ խնդիրները բարձրաձայնելու, դրանք համատեղ ուժերով քննարկելու և հետագայում դրանց լուծումներ գտնելու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է յուրաքանչյուրի հանձնառության կարևորությունը` ջանքերը մեկտեղելու և ոլորտում առկա բոլոր խնդիրները հաղթահարելու հարցում։
««Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց։ Չնայած պետության կողմից ձեռնարկված քայլերին` մենք պարբերաբար ստանում ենք ահազանգեր բռնության, խոշտանգումների վերաբերյալ։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, խոշտանգումների զոհերին տրամադրվող աջակցությունը, այդ գործերով իրականացվող քննությունն ամենօրյա աշխատանքի արդյունք պետք է լինեն»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Ըստ նրա՝ ոլորտում առկա խնդիրները պետք է պատշաճ հասցեավորել և խոշտանգման գործերով իրականացնել պատշաճ քննություն` հաշվի առնելով նշված գործերի քննության առանձնահատկությունները։ Մանասյանը կարևոր է, որ պետությունն ունենա խոշտանգումների զոհերի աջակցման պատշաճ կառուցակարգեր։
Նշվում է, որ բացման խոսքով է հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Նա կարևորել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և նշված ոլորոտում նրանց շարունակական վերապատրաստումները։
«Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և գործառույթները, խոշտանգման հասկացությունը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում, խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերը, ԽԿԿ (Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե) չափանիշները, ոլորտի ՄԻԵԴ վճիռները, ոչ հոժարակամ բուժումը, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ միջոցների կիրառումը, ազատությունից զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական զննությունը՝ որպես վատ վերաբերմունքի կանխարգելման կարևոր բաղադրիչ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ իրավասու մարմինների ներկայացուցիչները քննարկման ընթացքում բարձրաձայնել են առավել հաճախ հանդիպող խնդիրները, քննարկվել են լուծման ուղիները։
Վերապատրասման դասընթացը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։