Մարզեր

Մարտունի և Գավառ համայնքներում իրականացվում է «Մասնակցային բյուջե» ծրագիրը

5 րոպեի ընթերցում

Մարտունի և Գավառ համայնքներում իրականացվում է «Մասնակցային բյուջե» ծրագիրը

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գավառ համայնքներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում «Բլեջան» հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Մասնակցային բյուջե» ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բլեջան» ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանից, ծրագրի նպատակն է՝ բնակչության լայն շերտերի ներգրավմամբ վեր հանել թիրախ բնակավայրերի խնդիրները և դրանց լուծում տալու միջոցով նպաստել համայնքային մակարդակում հանրային միջոցների արդյունավետ կառավարմանը։

«Համայնքների խոշորացումը հանրային կառավարման համակարգում առաջացրել է լուրջ և ծավալուն փոփոխություններ, որոնց արդյունքում խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի բնակիչները զերծ են մնում իրենց մասնակցային իրավունքներից։  «Բլեջան» ՀԿ-ի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ներկայումս գործող տեղեկատվական համակարգերից գյուղական բնակավայրերի բնակիչները չեն օգտվում, կամ շատ քիչ են օգտվում։ Բազմաբնակավայր համայնքների ստեղծման պարագայում տեղական ինքնակառավարման պահպանման, ամրապնդման ու զարգացման համար անհրաժեշտ է բնակիչների մոտ ձեւավորել սեփական նախաձեռնությունների նկատմամբ վստահություն»,-ներկայացրեց Լիաննա Ասոյանը։

Օրերս Մարտունիում և Գավառում  «Բլեջան» ՀԿ-ի  կողմից կազմակերպվել էր Town Hall ձևաչափով հանդիպում, որոնց նպատակն էր՝ տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վեր հանել  համայնքների խոշորացման դրական և բացասական կողմերը, այն  հնարավորությունները, որ տալիս է խոշորացումը համայնքներին՝ առանձին ոլորտներով, խնդիրները և խոչընդոտները, որոնք  կապված են հանրության մասնակցության հետ, հավաքագրել առաջարկներ կապված  հանրության  մասնակցությունը խթանելու հետ, իսկ վերջում՝ քննարկելու  վերոնշյալ գործընթացների հետ կապված կարևոր ու հնարավոր քայլերը, որոնք բարելավելու են խոշորացման հետևանքները, մեղմելու , առաջ են մղելու այդ գործընթացները։

Հանդիպմանը մասնակցել են  ներկայացուցիչներ ՀՀ ՏԿԵՆ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի և Մարտունի համայնքապետարանների աշխատակազմերի, ավագանիների, Գավառի և Մարտունի տարածաշրջանի ՀԿ-ների, կրթական հաստատությունների, ՏԻՄ ենթակայության կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

«Հանդիպման արդյունքում հավաքագրված բոլոր առաջարկները կվերլուծվեն, կամփոփվեն ու կուղղվեն համապատասխան պատկան մարմիններին, այն է․ ՀՀ ՏԿԵՆ, Գեղարքունիքի մարզպետարան և Գավառի ու Մարտունու համայնքապետարաններ։

Ավելացնենք, որ, ծրագրի մեկնարկից սկսած, իրականացվել են տարբեր գործողություններ, վերլուծվել են Գավառ և Մարտունի համայնքների 2023 թվականի բյուջեների կատարողականները և պատրաստվել ինֆոգրաֆիկաներ, որոնցով թիրախ համայնքների 29 բնակավայրերի բնակիչների համար կազմակերպվել են «համայնքային զրույց» ֆորմատով իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում հանրությունն իրազեկվել է, օրինակ ինչպե՞ս է ձևավորվել համայնքային բյուջեն, ի՞նչ խնդիրների լուծմանն են ուղղվել գումարները, բացի դրանից բնակիչների հետ քննարկվել են խոշորացման արդյունքում բնակավայրերում ի հայտ եկած խնդիրները, հանրության մասնակցության խոչընդոտները և այլ հարցեր։ Համայնքային հանդիպումների արդյունքում նաև հավաքագրվել են համայնքային խնդիրների լուծմանն ուղղված  բնակիչների կողմից կատարված առաջարկությունները, որոնք ևս կամփոփվեն և կուղղվեն վերոնշյալ պատկան մարմիններին։ Ծրագրի ավարտին ակնկալում ենք, որ հնարավոր կլինի ներդնել համայնքային բյուջեի հանրային մոնիտորինգի և վերահսկողության մեխանիզմներ, երիտասարդների կարողությունների բարձրացման միջոցով, որոնք կնպաստեն հանրության և քաղհասարակության առավել մեծ ներգրավվածությանը համայնքային բյուջեի հաշվետվողականության գործընթացներում»,-զրույցն ամփոփեց Լիաննա Ասոյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում